Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլում նույնիսկ գետի ավազանի վրա են տներ կառուցել, ջրհեղեղի հետևանքով 3 զոհ կա ու 3 անհետ կորած․ Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագիր

Ստամբուլում նույնիսկ գետի ավազանի վրա են տներ կառուցել, ջրհեղեղի հետևանքով 3 զոհ կա ու 3 անհետ կորած․ Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագիր
Տարածաշրջան
12:34, 06 сентябрь 2023
Թուրքիայի Ստամբուլ և Քըրքըլարել քաղաքների մի շարք թաղամասերում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղը ավերածությունների ու զոհերի պատճառ է դարձել։ Civic.am-ի հետ զրույցում Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ արդեն 3 զոհ կա, որից 2-ը Ստամբուլում, ինչպես նաև 3 անհետ կորած ու մեծ թվով շենքեր են վնասվել։

Հարցին՝ կարճ ժամանակ առաջ երկրաշարժից էլ բավական քաղաքներ ավերվեցին՝ աղե՞տն է ուժգին, թե՞ շենքերի սեյսմակայունությունն է թույլ, Բագրատ Էստուկյանն արձագանքեց․ «Երկու գործոնը միասին պետք է նկատի ունենալ՝ շենքերու անորակությունը և ավելի կարևորը շենքերու կառուցված տեղը»։

Նրա խոսքով՝ արդեն հիսուն տարի է՝ տարբեր վայրերից մարդիկ գալիս են Ստամբուլ և հաշվի չառնելով տեղի՝ հողի, հարմարությունը ապօրինի շինություններ կառուցում, այդ թվում՝ տներ․ «Նույնիսկ շատ տեղեր գետի ավազանի վրա շենքեր կառուցած են։ Գետեր կան, որ հետզհետե ցամքած են և այդ տարածքներու վրա շենքեր կկառուցվեն, բայց հորդառատ անձրևներից այդ գետերու ուղին դարձյալ ջրով կլցվի, շենքերն ալ ջրի մեջ կմնան։»,-ասաց Բագրատ Էստուկյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ջրհեղեղից վնասված թաղամասերում հայ բնակչություն կա, բայց ազգությամբ հայ զոհի կամ վիրավորի մասին Թուրքիայի կառավարությունը չի հայտնել, ինչպես նաև հայկական եկեղեցիներ ու դպրոցներ չեն ավերվել ջրհեղեղից։

Բագրատ Էստուկյանը նկարագրեց, որ օրեր շարունակ եկած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը լցվել է թե բնակելի շենքեր, թե հիվանդանոցներ, իսկ հրշեջները պոմպերով ջուրը քաշում են․ «Վնասված հիվանդանոց ալ կա։ Չինական ներդրումով կառուցված հիվանդանոց կա, այդ հիվանդանոցն ալ ջուր խուժեց, հետևաբար  ներքևի հարկերն անգործածելի դարձած են և ժամանակ կպահանջվի կարգի բերելու համար»։

Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 2-ին Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը հայտնել էր սպասվող հորդառատ անձրևների մասին, որոնք սկսվեցին սեպտեմբերի 5-ին և տևեցին մեկ ամբողջ օր։ 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ զինվորականների խումբ ու մեքենաներ են ուղարկել աղետի գոտի՝ մարդկանց տարհանելու համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անհետ կորածները որոնվում են նաև ուղաթիռներով։ 

Նարա Մարտիրոսյան