Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Հյուսիսային Կորեայից և դրանք արձակել Ուկրաինայի ուղղությամբ. Սպիտակ տուն

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Հյուսիսային Կորեայից և դրանք արձակել Ուկրաինայի ուղղությամբ. Սպիտակ տուն
Ռուսաստան
11:27, 05 январь 2024
Միացյալ Նահանգները տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է փոխանցել բալիստիկ հրթիռների և դրանց արձակման կայանքների որոշակի խմբաքանակ, որոնք արդեն կիրառվել են Ուկրաինային հարվածելու համար։
Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 4-ին, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
 
Քիրբին հիշեցրել է Փհենյանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցությունը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են դեռևս անցյալ տարի, և հրետանային ու այլ արկերի տեղափոխման ապացույցները, որոնք Սպիտակ տունն արդեն հրապարակել է։
«Մեր տեղեկությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան վերջերս Ռուսաստանին է տրամադրել բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ և մի քանի բալիստիկ հրթիռներ»,- հավելել է նա։
 
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ 2023-ի դեկտեմբերի 30-ին ռուսական ուժերը Ուկրաինայում գործարկել են առնվազն մեկ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ: «Այն, դատելով ամեն ինչից, ընկել է Զապորոժիեի մարզի բաց դաշտ»,- նշել է Քիրբին:
Իսկ 2024-ի հունվարի 2-ին Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մի շարք հյուսիսկորեական հրթիռներ, որոնց կիրառման հետևանքները դեռ գնահատվում են:
 
Քիրբիի խոսքով՝ Ռուսաստանը, հավանաբար, հետագայում ավելի հաճախ կկիրառի հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ Ուկրաինայում «անմեղ քաղաքացիներին սպանելու համար»:
 
«Հյուսիսային Կորեայի այս հրթիռները կարող են խոցել թիրախները մոտավորապես 900 կիլոմետր հեռավորության վրա: Սա զգալի և մտահոգություն առաջացնող էսկալացիա է՝ Հյուսիսային Կորեայի կողմից հաջակցություն Ռուսաստանի»,- հավելել է նա:
 
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ բալիստիկ հրթիռների դիմաց Փհենյանը ցանկանում է Ռուսաստանի Դաշնությունից ստանալ կործանիչներ, «երկիր-օդ» դասի հրթիռներ, զրահատեխնիկա, բալիստիկ հրթիռների արտադրության միջոցներ և առաջատար ռազմական տեխնոլոգիաներ։