Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ը այլընտրանք չունի. կառույցի քննարկումներին վերադարձը բխում է ՀՀ շահերից. Գալուզին

Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ը այլընտրանք չունի. կառույցի քննարկումներին վերադարձը բխում է ՀՀ շահերից. Գալուզին
Ռուսաստան
13:38, 15 февраль 2024
ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակներում լիարժեք խորհրդակցություններին, բանավեճերին և քննարկումներին վերադառնալը առաջին հերթին բխում է Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսելով կառույցի շրջանակներում մի շարք հանդիպումներ հայկական կողմից բոյկոտելու մասին։

Ինչպես նշել է Գալուզինը, ՀԱՊԿ մեխանիզմը օբյեկտիվորեն այլընտրանք չունի Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ավելին, կառույցի անդամ երկրները պատրաստ էին և այժմ էլ պատրաստ են աջակցություն ցուցաբերել Երևանին։ Փոխնախարարը հայտնել է, որ ժամանակին Հայաստանին առաջարկվել են և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցներ, և՛ միջոցներ՝ կապված պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ, և՛ ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին։ 

«Մենք ելնում ենք այն բանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այդ տարածաշրջանը ընդհանուր տուն է: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ պետությունները այդ երկրները չեն, հետևաբար մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի, «արևմտյանների» տարածաշրջան ներքաշվելը, ինչին, ցավոք սրտի, պաշտոնական Երևանը վերջին շրջանում միտված է»,- ասել է Գալուզինը։

Հարավային Կովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե այն բանի հետ, որ օգնեն Հայաստանին կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի հետ և հասնելու կայուն խաղաղության և կայունության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և նրա սահմաններին անմիջապես մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։

«Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ որքան շուտ Երևանը հաղթահարի ՀԱՊԿ-ի հետ կապված իր կասկածները և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների քաղաքական և փորձագիտական  հարցերի մակարդակում, որ դրված են այս կազմակերպության օրակարգում, այնքան լավ»,- ընդգծել է նա։