Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կրոկուս»-ի ահաբեկիչների նկատմամբ կարո՞ղ է կիրառվել մահապատիժ. պարզաբանում է Դաշնային խորհուրդը

«Կրոկուս»-ի ահաբեկիչների նկատմամբ կարո՞ղ է կիրառվել մահապատիժ. պարզաբանում է Դաշնային խորհուրդը
Ռուսաստան
13:50, 27 март 2024
Ռուսաստանի գործող օրենքները թույլ չեն տալիս մահապատիժ կիրառել ահաբեկչության հետ կապված հոդվածներով դատապարտվածների համար, նույնիսկ եթե մորատորիում չլիներ, հայտարարել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը։ Իր Telegram-ալիքում սենատորը նշել է մահապատժի շուրջ աճող քննարկումները, որոնց մասնակիցները «համոզում են, որ ահաբեկիչներին և մանկապիղծներին պետք է մահապատժի ենթարկել, և ժողովուրդը կաջակցի դրան, խնդիրը միայն Սահմանադրական դատարանում է»։

Սենատորը, հղում անելով Ռուսաստանի Սահմանադրությանը և այլ օրենքներին, նշում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների համար մահապատժի որոշում կարող է կայացնել միայն դատարանը՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, գրում է Կլիշասը, ահաբեկչությունների և անչափահասների նկատմամբ սեռական բռնության քրեական գործերը չեն կարող քննվել երդվյալ ատենակալների կողմից։ Այս հանցագործությունների համար նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։

Այսպիսով, գործող օրենսդրության համաձայն, մորատորիումի բացակայության դեպքում մահապատժով կարող են պատժվել հինգ քրեական հոդվածներով հանցագործությունները։ «Հաշվի առնելով վերոնշյալը, հարգելի «վերլուծաբաններ» և իրավաբաններ, Սահմանադրական դատարանը որպես «արդարացի հատուցման» խոչընդոտ մատնանշելը, հատկապես «Կրոկուս»-ի ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ կատարվել է ծանր հանցագործություն, անբարեխիղճ շահարկում է»,- հայտարարել է Կլիշասը: