Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին

Բլինքենը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին
ԱՄՆ
13:03, 05 апрель 2024
Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու (գործին): Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին:

Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել երկկողմանի՝ գործընկերների հետ, և բազմակողմ՝ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»:  Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում, պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։

Իր խոսքում, Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ՝ այն որակելով «անվերահսկելի»:

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, ուր այսօր՝ ապրիլի 5-ին, նախատեսվում է Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը կքննարկվի «ԱՄՆ ու ԵՄ աջակցությունը Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»: