Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում

Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում
---
15:54, 30 октябрь 2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանը, որպես միջոցառման համակազմակերպիչներ, ինչպես նաև որոշ պաշտոնատար անձինք ողջունել են պետական նախարարի այցը և կարևորել համայնքի հետ անկեղծ ու բաց շփումները:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:

Դրանից առաջ պետական նախարարը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից և մտքեր փոխանակել Սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ: