Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Էջմիածնում և Արմավիրում երիտասարդների տուն հիմնելու մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Էջմիածնում և Արմավիրում երիտասարդների տուն հիմնելու մասին
---
15:26, 19 март 2022
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի հետ Վաղարշապատում և Արմավիրում երիտասարդների տուն ստեղծելու մասին: Երիտասարդների տները կստեղծվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաներին հարմարեցված անվտանգ անկյուն հայեցակարգի հիման վրա և երկու համայնքների մոտ 500-1000 երեխաների և դեռահասների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, կտրամադրեն արտադպրոցական կրթություն, մասնագիտական կողմնորոշում, կարիերայի հետ կապված խորհրդատվություն և կապեր հաստատելու հնարավորություն անհատական և խմբային աշխատանքների, վերապատրաստումների, էքսկուրսիաների, համայնքային միջոցառումների և ճանաչողական այցերի միջոցով:
 
«Վաղարշապատում և Արմավիրում ապրում են հարյուրավոր դեռահասներ և երիտասարդներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից, որոնք ստեղծարար միտք, ուժ ու եռանդ և խնդիրներ լուծելու հմտություններ ունեն՝  համայնքային խնդիրները հոգալու, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու և իրենց համայնքների զարգացմանը նպաստելու համար: Բայց նրանք աջակցության կարիք ունեն,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը,- Այս երիտասարդական տների կամ, ինչպես ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների համար անվտանգ անկյունների ստեղծման միջոցով հույս ունենք նրանց մեկ վայր և ընդհանուր հարթակ տրամադրել զարգացնելու իրենց հմտությունները, խթանելու նորարարությունը, աջակցելու միմյանց և իրենց համայնքի ակտիվ անդամներ դառնալու համար»:
 
Վաղարշապատի և Արմավիրի քաղաքապետարաններն արդեն ընտրել և հատկացրել են երիտասարդների տների համար նախատեսված տարածքները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (ԵՆԿ) հետ համատեղ կվերանորոգի և կկահավորի դրանք, ինչպես նաև կենտրոններին կտրամադրի տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված պարագաներ, զարգացման խաղեր, ուսումնական, ինչպես նաև տարատեսակ զբաղմունքների համար նախատեսված պիտույքներ: Երբ համայնքապետարանները կենտրոններում նոր անձնակազմ ներգրավեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՆԿ-ն, իրենց հերթին, վերապատրաստումներ կանցկացնեն դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու սկզբունքների և երեխայակենտրոն ծառայությունների տրամադրման թեմաներով:
 
«Լիահույս ենք, որ երիտասարդների տները կընդլայնեն Վաղարշապատի և Արմավիրի պատանիների հնարավորությունները՝ իրենց համայնքներին վերաբերող հարցերում բովանդակալից մասնակցություն ունենալու, իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու գործում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ գործընկերների հետ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կաշխատի հարթակներ մշակել դեռահասների համար ներկայացնելու իրենց փորձը, առաջարկելու լուծումներ, ինչպես նաև համատեղ լուծումներ գտնելու համար, որոնք կօգնեն նրանց հասուն կյանք և աշխատաշուկա մուտք գործելու հարցում»,- նշել է ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանը:
 
Վաղարշապատի և Արմավիրի քաղաքապետարանները, որպես համայնքահեն ծառայություններ, նախատեսում են հոգալ համապատասխան կենտրոնների ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի և կոմունալ ծառայությունների: Արտակարգ իրավիճակների ժամանակ երիտասարդների տները կարող են ծառայել որպես անվտանգ, երեխաներին հարմարեցված անկյուն, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կարող են ստանալ հոգեբանական աջակցություն և այլ ծառայություններ: