Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱՀ-ի գումարները տնտեսվարողներն այսուհետ հետ կստանան ամսական կտրվածքով, գործող եռմասյակի փոխարեն․ ՊԵԿ նախագահ

ԱԱՀ-ի գումարները տնտեսվարողներն այսուհետ հետ կստանան ամսական կտրվածքով, գործող եռմասյակի փոխարեն․ ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
12:06, 11 март 2021
Տնտեսվարողների համար ավելացված արժեքի հարկի վերադարձի ժամանակաշրջանը եռամսյակի փոխարեն կլինի յուրաքանչյուր հաշվետու ամիս։ Այսօր՝ մարտի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողներին չսպասել մինչև եռամսյակի ավարտը և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ-ի գումարները․

«Առաջարկվող կարգավորումներով յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ ներկայացված ԱԱՀ հաշվարկի հաջորդ օրը տնտեսվարողները կարող են ներկայացնել ԱԱՀ-ի վերադարձի վերաբերյալ դիմումներ, մինչդեռ գործող կարգավորմամբ յուրքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ է»։ 

ՊԵԿ նախագահի խոսքով՝ նշված կարգավորումը նպատակ է հետապնդում ավելի արագ հնարավորություն տալ տնտեսվարողներին տնօրինել շրջանառու միջոցները և ներարկել դեպի տնտեսություն․ «Միաժամանակ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40մլն դրամ սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար, և ըստ այդմ եռամսյակային կտրվածքով այդ հնարավորությունը պարզեցված ընթացակարգով հարկի գումարներ ստացող տնտեսվարողների համար եռապատկվում է։»։