Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմից 2 ամիս անց միջազգային ներդրողներին համոզել 750 մլն-ի եվրոպարտատոմս ներդնել՝ ճիշտ քաղաքականություն է. այսօր դրանց եկամտաբերությունը 8 տոկոսից ավելի է. ԿԲ նախագահ

Պատերազմից 2 ամիս անց միջազգային ներդրողներին համոզել 750 մլն-ի եվրոպարտատոմս ներդնել՝ ճիշտ քաղաքականություն է. այսօր դրանց եկամտաբերությունը 8 տոկոսից ավելի է. ԿԲ նախագահ
Տնտեսություն
13:50, 21 март 2022
«2020 թվականի դեկտեմբերն, երբ Հայաստանում գնաճը 1.6 տոկոս էր, Կենտրոնական բանկը հրապարակեց իր կանխատեսումն առ այն, որ մեզ սպասվում է բավականին ծանր տարի գնաճի առումով: Ու հենց այդ հանդիպումից հետո, չնայած գնաճի բավականին ցածր մակարդակին, փաստացի տոկոսադրույքը մեկ տոկոսային կետով բարձրացավ, որին հաջորդեցին տարվա ընթացքում հետևողական բարձրացումները, որովհետև մենք ունեինք արտաքինից ներմուծվող գնաճ, ունեինք նաև ներքին որոշակի պահանջարկով պայմանավորված գնաճ»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկմանը ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց, որ իրենց որոշումները խելամիտ էին և ժամանակին:

Նա ընդգծեց, որ նոյեմբեր ամսվա պիկին հասնելուց հետո, երբ գնաճը 9.6 տոկոս էր, դեկտեմբերին ունեցանք 7.7, հունվարին՝ 7.1, փետրվարին՝ 6.5 տոկոս գնաճ: «Մենք, ըստ էության, աշխարհի այն բացառիկ երկրներից էինք, որտեղ գնաճի հետագիծը նվազող է և ոչ թե աճող: Այսօր ԱՄՆ-ում գնաճը 7 տոկոսից բարձր է»,- դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ կանխատեսումները նորից աճի ուղղությամբ են. «ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրեց 1.25 տոկոսով: Այսօր եթե ՀՀ-ն գնա միջազգային շուկա և թողարկի եվրոպարտատոմսեր, դրանց եկամտաբերությունը կլինի 8 տոկոսից ավելի՝ դոլարով արտահայտված: Պատերազմից 2 ամիս հետո գնալ և միջազգային ինվեստորներին համոզել, որ Հայաստանում 750 մլն-ի ներդրում արվի եվրոպարտատոմսերի տեսքով, ինձ թվում է՝ ճիշտ քաղաքականություն էր, որի հիմքում միակ պատմությունը, որ ներկայացվել է մեր արտաքին ներդրողներին, մակրոտնտեսական կայունությունն էր»: 

Մանրամասն՝ տեսանյութում: