Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««Ազատության» վրա հարձակման կրկնությունը դատախազության անգործության հետևանքն է»․ դեպքն ուսումնասիրման փուլում է

««Ազատության» վրա հարձակման կրկնությունը դատախազության անգործության հետևանքն է»․ դեպքն ուսումնասիրման փուլում է
Իրավունք
15:49, 24 февраль 2021
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օրեպատորի վրա երեկվա հարձակումը 16+-ի երթիբ ընթացքում։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն։

Երեկ կազմակերպված «Հայրենիքի փրկության շարժման» երթի ընթացքում մի խումբ ակցիայի մասնակցիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատորի վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով նրանց և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ։

«Ազատություն» ռադիոկայանից չպատասխանեցին մեր հեռախոսազաներից։ Ռադիոկայան այցելած ԱԺ պատգամաավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ պարզվում է՝ լրագրողի վրա հարձակումից այսքան ժամ անց իրավապահները չեն այցելել խմբագրություն, կապ չեն հաստատել հարձակման թիրախում հայտնված լրագրողին և օպերատորին, որևէ գործողություն չեն իրականացրել։ 

«Կարող ենք արձանագրել, որ պետությունն ամբողջությամբ անպաշտպան է թողել ժողովրդավարությունը, ուստի անհրաժեշտ և կարևոր եմ համարում, որ մեր երկրի ժողովրդավարական բոլոր ուժերը հենց այս գիտակցմամբ կազմակերպվեն և ցույց տան, որ մեր երկրում ժողովրդավարությունը անպաշտպան չէ, որևէ ոտնձգություն ազատ խոսքի և հիմնարար այլ արժեքների նկատմամբ արժանի հակահարված է ստանալու հասարակության լայն շերտերի և ժողովրդավարությանը նվիրված քաղաքական և հասարակական միավորների կողմից»,-գրել է պատգամավորը։

Խնդրին անդրադարձել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ գրառում կատարելով այս հարձակման վերաբերյալ։ Նա նշել է, որ  միջադեպի կրկնությունը իրականում դատախազության անգործության հետևանքն է՝ հիշեցնելով անհամեմատ ավելի բռնի դրսևորմամբ անցած տարվա նոյեմբերի 10-ին տեղի ունեցած հարձակումը, երբ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ էին փորձել ներխուժել 4 տասնյակ տղամարդիկ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։
Նոյեմբերի 10-ի հարձակման մասով դատախազությունից Civic.am-ին տեղեկացրին, որ մինչ օրս չկա հարուցված քրեական գործ։ 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի հարձակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի անվտանգության տեսախցիկների կատարած նկարահանումներից պարզվել էր, որ շենք ներխուժած տղամարդկանց շարքում է եղել նաև դաշնակցական, կրթության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը։ 

Եսայանը նախկինում բազմիցս հյուրընկալվել էր «Ազատության» տաղավար և լավ իմանալով, թե շենքի բազմաթիվ գրասենյակներից որտեղ է գտնվում «Ազատության» տաղավարը, ըստ տեսագրության,  ուղեկցել էր տղամարդկանց շենք։ Որոշ ժամանակ անց մի խումբ անձիք ետ էին վերադարձել՝ արդեն առանց Եսայանի ու ջարդուփշուր արել գրասենյակը։ 

Սյուզի Սիրականյան