Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՔԿ-ն չի հայտնում՝ Շուշիի մոտ հայ տղային սպանած և ևս 3-ին ծանր վիրավորած ադրբեջանցու տվյալները հայտնի՞ են, թե՞ ոչ․ Չնայած խաղաղապահների խոստացած հետաքննությանը, ադրբեջանցին անգամ ձերբակալված չէ

Արցախի ՔԿ-ն չի հայտնում՝ Շուշիի մոտ հայ տղային սպանած և ևս 3-ին ծանր վիրավորած ադրբեջանցու տվյալները հայտնի՞ են, թե՞ ոչ․ Չնայած խաղաղապահների խոստացած հետաքննությանը, ադրբեջանցին անգամ ձերբակալված չէ
Իրավունք
16:49, 15 ноябрь 2021
Արցախի հանրապետության քննչական կոմիտեն հրաժարվում է պատասխանել՝ օրեր առաջ Արցախի հայ խաղաղ բնակչին սպանած և ևս 3-ին վիրավորած ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը հայտնի՞ է, թե՞ ոչ։ Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա։ Արդյունքում չորս քաղաքացիական անձ վիրավորվել էր, որոնցից մեկը՝ 22-ամյա Մարտիկ Երեմյանը, մահացել էր։

Դեպքից մոտ 1 օր անց Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունն ու ՌԴ ՊՆ-ն հայտարարեցին դեպքի առթիվ հետաքննություն իրականացնելու մասին, սակայն որևէ բան հայտնի չէ, իսկ հայ խաղաղ բնակչին դիմահար կրակոցով սպանած և ևս 3-ին օրը ցերեկով ծանր վիրավորած ադրբեջանցի զինծառայողն անգամ չի ձերբակալվել։ 

Տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի ՔԿ-ում քրգործ է հարուցվել։ ԱՀ Քննչական կոմիտեից Civic.am-ի հարցին, թե արդյո՞ք հայտնի է ադրբեջանցու անունը, ով կրակել է ջրամատակարարման աշխատանքներ իրականացնող քաղաքացու վրա՝ հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, թե  քրեական գործով իրականացվում է նախաքննություն, և նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկություն չեն կարող հաղորդել։

Հարցը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական դիրքերի վրա նռնակ նետած քաղաքացու տվյալները հայտնվել էին համացանցում, իսկ հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցու մասին որևէ տեղեկություն չկա, ՔԿ-ից անարձագանք թողեցին՝ նշելով, որ ոչինչ չեն կարող ասել։

Հիշեցնենք, որ հայ աշխատակիցների վրա ադրբեջանցի զինվորականի հարձակման դեպքից օրեր անց Ստեփանակերտի բնակիչ Նորայր Միրզոյանը Շուշիում ադրբեջանական դիրքի ուղղությամբ նռնակ էր նետել, որից հետո ռուս խաղաղապահները նրան հեռացրել էին տարածքից, այնուհետև հանձնել Արցախի Հանրապետության ՔԿ-ին, որտեղ հարուցվել է քրգործ։