Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բռնապետը հրապարակավ վրեժխնդիր է լինում»․ Բելառուսի ընդդիմության առաջնորդի ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

«Բռնապետը հրապարակավ վրեժխնդիր է լինում»․ Բելառուսի ընդդիմության առաջնորդի ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Իրավունք
17:34, 14 декабрь 2021
Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու և իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը՝ վիդեոբլոգեր Սերգեյ Տիխանովսկին, Գոմելի դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Ինքը՝ վիդեոբլոգերը, մեղադրանքներն անվանել է քաղաքական դրդապատճառներից բխած։

Դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, Գոմելի թիվ 3 կալանավայրի (SIZO) տարածքում, որտեղ պահվում է Տիխանովսկին։ Նրան  մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածներով։

Տիխանովսկու փաստաբան Նատալյա Մացկևիչը, ով հոկտեմբերի 13-ին հեռացվել էր աշխատանքից, իսկ ավելի ուշ՝ զրկվել  փաստաբանի արտոնագրից, ասել է, որ նույնիսկ քննչական մեկուսարանում իր պաշտպանյալը «ամուր է մնացել իր դիրքորոշման մեջ»։

Մեկուսարանից Deutsche Welle-ին տված հարցազրույցում Սերգեյ Տիխանովսկին նշել է, որ կտրականապես մերժում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները. «Ես դրանք համարում եմ  մտացածին և քաղաքական դրդապատճառներից բխող»։ 

Սվետլանա Տիխանովսկայան արդեն մեկնաբանել է իր ամուսնու դատավճիռը: «Բռնապետը հրապարակավ վրեժխնդիր է լինում իր ամենահզոր հակառակորդներից։ Քաղբանտարկյալներին փակ դատավարություններում թաքցնելով՝ նա հույս ունի շարունակել բռնաճնշումները, բայց ամբողջ աշխարհը հետևում է դրան, մենք կանգ չենք առնելու»,- շեշտել է նա։

Դատարանը պատիժներ է կայացրել նաև «Տիխանովսկու գործով» մնացած անձանց նկատմամբ։ Նրանց ազատազրկման ժամկետներն են՝ Նիկոլայ Ստատկևիչ՝ 14 տարի, Իգոր Լոսիկ՝ 15 տարի, Արտեմ Սակով՝ 16 տարի, Վլադիմիր Ցիգանովիչ՝ 15 տարի, Դմիտրի Պոպով՝ 16 տարի։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն Բելառուսում  ձերբակալել էին 2020 թվականի մայիսի 29-ին՝ հասարակական կարգը խախտելու համար։ Ակտիվիստը  նախընտրական պիկետ էր անցկացրել կնոջը՝ Սվետլանային, նախագահի թեկնածու առաջադրելու համար։ Խաղաղ հավաքը, սակայն, վերաճել էր բռնությունների, երբ անծանոթ մի կին փորձել էր քաշքշել ընդդիմադիր գործչին։ Րոպեներ անց դեպքի վայր էին ժամանել հատուկջոկատայիններն ու ձերբակալել Տիխանովսկուն։

Սյուզի Սիրականյան