Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ-ն Գառնիկ Իսագուլյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի․ նա սուտ մատնություն է արել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հասցեին

ՔԿ-ն Գառնիկ Իսագուլյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի․  նա սուտ մատնություն է արել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հասցեին
Իրավունք
19:15, 21 декабрь 2021
Ինչպես հայտնի դարձավ, ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Civic.am-ին հայտնեց, որ Իսագուլյանին կալանավորելու միջնորդություն դեռ չի ներկայացվել, սակայն Քննչական կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան՝ Իսագուլյանին կալանավորելու համար։ Կոմիտեից մեզ տեղեկացրին նաև, որ խոսքը վարչապետի նախկին խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի հասցեին սուտ տեղեկություններ հաղորդելու մասին է։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Գառնիկ Իսագուլյանը սուտ տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայում ՀՀ դեսպանի մասին: «Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ. Ի.-ն հայտնել է, թե, իբր, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ. Ի.-ն, կասկածներ չունի։

Ըստ Գ. Ի.-ի հայտարարության՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է, և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն): Վերջինիս սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։