Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատավոր Բորիս Բախշիյանի գործը Աշոտ Մինասյանի գործին կապելը անմտություն է․ մենք Մինասյանի գործով դատավոր Բախշիյանի որոշման հետ համաձայնել ենք և չենք բողոքարկում»․ Դատախազ

«Դատավոր Բորիս Բախշիյանի գործը Աշոտ Մինասյանի գործին կապելը անմտություն է․ մենք Մինասյանի գործով դատավոր Բախշիյանի որոշման հետ համաձայնել ենք և չենք բողոքարկում»․ Դատախազ
Իրավունք
15:48, 08 февраль 2022
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի դատական գործը մեկ տարի է դոփում է նույն տեղում դատախազությունը որևէ գործողություններ ձեռնարկելու է, թե ոչ։ Այսօր փետրվարի 8-ին, դատական նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ 

«Դատախազությունը դրա հետ կապված հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկել է։ Մենք ունեցել ենք մոտեցում, որը դատարանի կողմից համապատասխան արձագանքի է արժանացել։ Ինչ վերաբերում է այս կամ նախորդ նիստերի պատճառաբանություններին՝ տարբեր մասնակիցների բացակայություններին՝ կոնկրետ նախորդ նիստին առողջական վիճակներով էր պայմանավորված, ներկայացվեցին փաստաթղթեր, ստուգվեցին։ Իսկ այս նիստում ներկայացրած պատճառաբանությունը ստուգման հնարավորություն չի տալիս։ Ուստի էթիկայով պայմանավորված հարիր չեմ համարում տալ գնահատական, որի վերաբերյալ տեղեկություններ չկան»,-պատասխանեց դատախազն ու նշեց, որ եթե փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացրած այն տեղեկությունը, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել և չի կարողացել հասնել դատական նիստին՝ չի համապատասխանում իրականությանը՝ ապա դա անհարգալից վերաբերմունք է բոլորի նկատմամբ և պաշտպանություն իրականացնելու խեղաթյուրված եղանակ է։ 

Ինչ վերաբերում է հակասահմանադրական ճանաչված ՔՕ 300․1 հոդվածի հիմքով ուղարկված վճռաբեկ բողոքին՝ դատախազը նշեց, որ դեռևս դատարանից որևէ որոշում չեն ստացել այդ մասին։

Ինչ վերաբերում է դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ հարուցված քրեական գործին ու նրան կալանավորելուց հետո շահարկվող խոսակցություններին՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ հնչող հայտարարությունները ճիշտ չեն, և այդ դատողությունները որևէ կերպ հաշվի չեն առնում գործի իրական հանգամանքերը․ «Դատավոր Բորիս Բախշիյանի գործը Աշոտ Մինասյանի (Աշոտ երկաթ) գործին կապելը անմտություն է։ Մենք Աշոտ Մինասյանի գործով դատավոր Բորիս Բախշիյանի որոշման հետ համաձայնել ենք և չենք բողոքարկում։ Բորիս Բախշիյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի նաև նրա կողմից քննված Սյունիքի մարզի համայնքապետերի գործերի հետ»։  

Գևորգ Բաղդասարյանն ընդգծեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացրած դատական ակտերից մեկի հիմքով ևս մեկ քրեական գործ կա հարուցված՝ կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրելու համար։ Եվ Բորիս Բախշիյանի կողմից կայացրած ապօրինի կալանքի գործն ու կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրելու գործը միացված են իրար, սակայն վերջին գործով դեռևս մեղադրյալներ չկան։