Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայության պատճառով

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայության պատճառով
Իրավունք
14:08, 08 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստն ընդմիջվել էր վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայության պատճառով։ 

Ընդմիջման ընթացքում դատարանը փորձել էր կապ հաստատել Լուսինե Սահակյանի հետ, սակայն նա չէր պատասխանել հեռախոսազանգերին։ «Պաշտպանական կողմը որևէ տեղեկություն ունի՞, այսօր կարող է Լուսինե Սահակյանը ներկայանա դատական նիստին»,- հարցրեց դատավոր Աննա Դանիբեկյանը Արմեն Գևորգյանին։

Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Գևորգյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ Լուսինե Սահակյանը խնդրել է չսպասել իրեն։ 

Դատավորը փորձեց ճշտել մեղադրող դատախազների դիրքորոշումը, սակայն մեղադրող կողմը նշեց, որ ներկայացված տվյալները ստուգման հնարավորություն չեն տալիս, ուստի չեն կարող դիրքորոշում ներկայացնել պաշտպանի բացակայության հարգելիության հետ կապված․ «Իսկ պաշտպանի բացակայությամբ հնարավոր չէ շարունակել նիստը»,-ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 15-ին ժամը 13։00-ին։