Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստորագրությամբ ազատ արձակված Մելիքսեթ Պողոսյանի որդին ինքնակամ էր ներկայացել, իսկ կրակոցների հեղինակ Սուրիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել

Ստորագրությամբ ազատ արձակված Մելիքսեթ Պողոսյանի որդին ինքնակամ էր ներկայացել, իսկ կրակոցների հեղինակ Սուրիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել
Իրավունք
19:08, 04 апрель 2022
Ինչպես դեռ անցյալ տարվա նոյեմբերի տեղեկացրել էինք, դատարանը մերժել էր Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: 

«Փաստինֆո»-ն այսօր է տեղեկություն հրապարակել, թե Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը ազատ է արձակվել՝ հեգնելով, թե նախաքննական մարմինը գտել է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողի նկատմամբ բավարար է որպես խափանման միջոց կիրառել միայն չհեռանալու մասին ստորագրությունը, ու սա այն դեպքում, երբ նա ամիսներ շարունակ հետախուզման մեջ էր գտնվում ու իրավապահները նրան գտնել չէին կարողանում։ Ի դեպ, ԶԼՄ-ն «մոռացել է» է նշել, որ Կարեն Պողոսյանն ինքնակամ էր ներկայացել իրավապահներին։ 
 
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին ի պատասխան հայտնել են, որ 2022թ հունվարի 7-ին մեղադրյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ 
 
Սյունիքի մարզպետ նախկին Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսանը 2021-ի սեպտեմբերի 22-ին էր ներկայացել և կալանավորվել։ Հիշեցնենք, որ հուլիսին 13-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետեւ հնչել էին կրակոցներ։ 

Ուշագրավ է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ կրակել էր Տիգրան Խաչատրյանը, հետո տեղի էր ունեցել փոխհրաձգություն, սակայն մինչ այժմ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել։ Ընդհանրապես, այս գործով բացի Կարեն Պողոսյանից, այլ մեղադրյալ չկա։ Մինչդեռ միջադեպի գործով կան 3 տուժողներ, որոնցից 2-ն ունեն հրազենային վնասվածքներ և նրանք կալանավորված Կարեն Պողոսյանի ընկերներն են։
 
Դեպքի օրը դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կարեն Պողոսյանի ընկերը՝ 34-ամյա Հարութ Վարդանյանն ու ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Տիգրան Խաչատրյանի քեռին՝ 54-ամյա Մելիք Բարսեղյանը։ 

Բացի դա, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկահոդի առաջային մակերեսի կեղեւապատած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 39-ամյա Գագիկ Բաբայանը։ Պարզվել էր, որ Գագիկ Բաբայանը վնասվածքը ստացել է հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Կարեն Պողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ։ Կարեն Պողոսյանի կողմից միջադեպին ներկա է գտնվել Գագիկ Բաբայանը։ Այդ ընթացքում Տիգրան Խաչատրյանը ձեռքին եղած ատրճանակով կրակել էր վերջինիս ձախ ոտքի ծնկահոդի շրջանին՝ պատճառելով նշված վնասվածքը: Բաբայանը նշված վայրից անմիջապես գնացել էր տուն եւ չէր դիմել հիվանդանոց:

Միջադեպի կողմ Կարեն Պողոսյանը այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ 

 2021-ի սեպտեմբերի 22-ին, Գորիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Պողոսյանը ինքնակամ ներկայացել էր Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։