Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննչական կոմիտեի բաժնի պետի երեխայի գործը մտավ նախաքննության փուլ․ Բժիշկ Կարեն Կուրդովի դեմ քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտեի բաժնի պետի երեխայի գործը մտավ նախաքննության փուլ․ Բժիշկ Կարեն Կուրդովի դեմ քրգործ է հարուցվել
Իրավունք
15:06, 24 март 2021
Օրեր առաջ Ֆեյսբուքի օգտատեր Մանե Ռաֆայելյանը հրապարակում էր արել այն մասին, որ իր 4 տարեկան երեխային իր ներկայությամբ «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոցում բժիշկ Կարեն Կուրդովը հարվածել է, և հարվածի հետքը երեսին երևում է։ Մանե Ռաֆայելյանը իր գրառումը հրապարակել է նաև իր ամուսնու՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնի պետի՝ Վարդան Ավագյանի Ֆեյսբուքի էջում ։

Ենթադրյալ դեպքի առթիվ դեպքից մի քանի օր անց քրեական գործ է հարուցվել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունում, որն այսօր ուղարկվել է Քննչական կոմիտե։

Civic.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառելը։

Մեր հարցին՝ թե ինչ մարմնական վնասվածք է պատճառվել երեխային՝ Կոմիտեից հստակեցրեցին․ «Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի  փակ գանգուղեղային վնասվածքի ձևով հասցվել է բութ կոշտ առարկայով»։  

Նշենք, որ երեխայի մայրը իր գրառման մեջ նշել էր, որ երեխային տարել էին հիվանդանոց սրտի հետազոտության։ Իսկ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը հրապարակել էր, որ երեխային մանկական բժիշկ Կարեն Կուրդովը երկրորդ հետազոտություն պետք է աներ՝ արդեն իսկ «առողջ սիրտ» ախտորոշումը հաստատելու կամ հերքելու համար։

Civic.am-ը կապ էր հաստատել նաև «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի հետ, սակայն մեզ պատասխանեցին, որ դեռևս չեն պատրաստվում հարցազրույց տալ։