Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ բաժնի պետի երեխայի դեմ «բռնության» գործով սրտաբանը ոստիկանություն է գնացել 2 ոստիկանների ուղեկցությամբ՝ առանց փաստաբանի

ՔԿ բաժնի պետի երեխայի դեմ «բռնության» գործով սրտաբանը ոստիկանություն է գնացել 2 ոստիկանների ուղեկցությամբ՝ առանց փաստաբանի
Իրավունք
18:16, 26 март 2021
Civic.am-ը տեղեկացրել էր, որ  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովին օրեր առաջ ոստիկանությունը հրավիրել էր  բացատրություն տալու։ Բժշկին ոստիկանություն հրավիրելու պատճառը հանդիսացել էր նրա դեմ ուղղված հանցագործության մասին հաղորդումը, որը ներկայացրել էր 4-ամյա անչափահաս տղայի ծնողն այն բանից հետո, երբ իր տղային տարել էր սրտաբան Կարեն Կուրդովի մոտ՝ սրտի հետազոտության։ 

4-ամյա երեխայի մայրը՝ Մանե Ռաֆայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել էր, որ իր երեխան պետք է պառկեր սրտի հետազոտություն անցնելու համար, սակայն վախեցել է և չի պառկել, իսկ բժիշկը քաշքշել ու ծեծել է երեխային՝ այնպես, որ հետքը մնացել է երեխայի երեսին։  Երեխայի մայրն իր գրառումը հրապարակել էր նաև իր ամուսնու՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի՝ Վարդան Ավագյանի Ֆեյսբուքի էջում։ 

Civic.am-ը մանկական սրտաբան Կարեն Կուրդովից հետաքրքրվեց՝ ո՞ր օրն ու ինչպե՞ս է ծանուցվել ոստիկանության կողմից, որ ինքը հրավիրվում է բաժին՝ բացատրություն տալու։ Կարեն Կուրդովի խոսքով՝ հենց նույն օրը, երբ երեխայի ծնողներն իր սենյակից դուրս են եկել, ուղիղ 1 ժամ 40 րոպե անց ոստիկանության երկու աշխատակից եկել են բժշկական կենտրոն, մտել իր սենյակ և առաջարկել՝ գնալ ոստիկանության բաժին՝ բացատրություն տալու։ Մանկական սրտաբանն ընդգծեց, որ ինքը ոստիկանություն է գնացել մենակ՝ առանց փաստաբանի։ 

Օրերս Քննչական Կոմիտեից տեղեկացրեցին, որ արդեն իսկ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Քրգործը հարուցվել է ՔՕ 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը։

Քննչական կոմիտեի հրապարակման մեջ նաև նշված է, որ սույն գործով առկա է դատաբժշկական եզրակացություն։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ երեխայի դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկայով՝ առաջացնելով առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված չէ, թե ինչ հետազոտություն է անցել երեխան և փորձագետը որ հետազոտություններն է հիմք վերցրել իր եզրակացության համար։ 

Նշենք, որ Կարեն Կուրդովը քննչական բաժնում դեռևս չի հարցաքննվել և հետևաբար չի ներգրավվել որպես կասկածյալ։ Քննչական Կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ ներկայումս կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ։
Հիշեցնենք, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ն հաղորդագրություն էր տարածել այս դեպքի վերաբերյալ, որտեղ նշված էր, որ երեխան արդեն իսկ իրենց կենտրոնում հետազոտվել էր և չուներ սրտի խնդիր՝ մեկ այլ սրտաբանի կողմից եզրակացությունը տրվել էր՝ «առողջ սիրտ» գրառմամբ։ Սակայն ծնողները երկրորդ հետազտություն  էին ցանկացել կատարել՝ սրտաբան Կարեն Կուրդովի մոտ, որի ժամանակ էլ երեխան անկառավարելի էր դարձել։ Բժշկական կենտրոնը նաև ներողություն էր հայցել երեխայի ծնողներից տեղի ունեցածի համար, և կատարվածը չէր որակել որպես ծեծ։ 
 
Նարա Մարտիրոսյան