Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորթ հոր ծեծից մահացած 1,5-ամյա երեխան ու մայրը Նոր Խարբերդի բնակիչ չեն, եկել էին Հոկտեմբերյանից, ապրում էին տնակում․ համայնքապետ

Խորթ հոր ծեծից մահացած 1,5-ամյա երեխան ու մայրը Նոր Խարբերդի բնակիչ չեն, եկել էին Հոկտեմբերյանից, ապրում էին տնակում․ համայնքապետ
Հասարակություն
17:14, 12 февраль 2021
Նոր Խարբերդ համայնքում մանկահասակ՝ մեկ ու կես տարեկան տղա երեխա են ծեծելով սպանել։ Երեխայի մահվան պատճառը եղել է երեխայի մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից պարբերաբար կիրառված բռնությունը։
  
Նոր Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանը, Civic.am-ի հետ զրույցում ներկայացնելով ընտանիքը, ասաց, որ ոչինչ չունեին, Նոր Խարբերդի բնակիչներից մեկը իր հողատարածքն ու տնակն էր հատկացրել, որպեսզի բնակվեին․ «Երեխան ու մայրը Նոր Խարբերդի բնակիչ չեն, և եկել էին Հոկտեմբերյանից, իմ տեղեկություններով 20 օր է, ինչ ամուսնացել էր ու եկել Խարբերդ»,- ասաց նա։

 Համայնքապետի խոսքով ինքը չի իմացել, որ իր համայնքում երեխա է բնակվում, ասաց՝ փաստաթղթային գրանցում չկար, և այդ երեխայի ու ծնողի մասին ոչ մի տեղեկություն չունեին․ «Դեպքի օրն ենք իմացել, որ այդ ընտանիքում հարս է եկել և երեխա է ապրում»։  

Կամո Կակոյանի խոսքով ընտանիքում բնակվող անձինք արյունակցական կապ չունեն՝ Սկեսուրը տղայի խորթ մայրն է, իսկ տղան էլ մեկ ու կես տարեկան երեխայի խորթ հայրն էր։ 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ առնվազն տարին մեկ անգամ նմանատիպ իրավիճակ է գրանցվում․ «Երեխաները ամենախոցելին են հասարակության մեջ, քանի որ նրանք չեն ազդարարում թե ինչ է կատարվում ընտանիքի ներսում, և այստեղ պետության դերակատարումը շատ ավելի մեծ պետք է լինի թե վերահսկողության, թե կանխարգելման, թե ազդարարման տեսանկյունից։ Որևէ մարմնի կողմից չի արձանագրվել, որ երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել․ ոչ համայնքի ղեկավարն է նկատել, ոչ հարևաններն են նկատել, ոչ էլ սոցիալական աշխատողը»։ 

Իրավապաշտպանն ընդգծեց, որ համայնքի ղեկավարն այստեղ առաջնային օղակն է, որը պետք է ազդարարեր, որ գոյություն ունի խոցելի ընտանիք և մեկ ու կես տարեկան երեխա, որը մեծանում է անբարենպաստ պայմաններում․ 

«Եթե մենք խորն ենք դիտարկում,  համայնքի ղեկավարը հանդիսանում է նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարը, և  երեխաների իրավունքների շրջանակներում նա լուրջ գործառույթ ունի իրականացնելու՝ ընտանիքի վերաբերյալ տեղեկատվություն իմանալու և ազդարարելու առավել բարձրագույն օղակներին՝ մարզպետարան, որտեղից էլ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»։  

Զարուհի Հովհաննիսյանի տեսանկյունից այն անձը, որը պետք է հստակորեն զբաղվի ընտանիքում առկա խնդիրներով, սոցիալական աշխատողն է, որի ինստիտուտը դեռևս չենք ամրապնդել, սակայն այդ աշխատողին տեղեկատվություն փոխանցելն էլ այս պարագայում պետք է իրականացվեր համայնքի ղեկավարի կողմից․ «Եթե ընտանիքն ունի սոցիալական խոցելի վիճակ, հիվանդություն ունեցող անձ, կամ կան մանկահասակ երեխաներ, որոնք ունեն հատուկ խնամքի կարիք և ընտանիքը չի կարողանում ապահովել՝ դրանք պետք է հստակորեն իրականացնի պետությունը»։ 

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ «2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայնը, կնոջ և մոր հետ, երեխային ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով, օրեր շարունակ՝ օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, որին զուգահեռ, հայրը, երեխայի նկատմամբ ակնհայտ հակակրանք դրսևորելով, նաև հայհոյել է, իսկ փոքրիկի մայրը և տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով:

2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է»:

Երեխայի մայրն ու խորթ հայրը ձերբակալված են, իսկ խորթ տատը ստորագրությամբ ազատ է արձակվել։ 

Նարա Մարտիրոսյան