Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի 3 պաշտպանները չէին ներկայացել դատարան՝ առանց պատշաճ հիմնավորման, սակայն դատավոր Դանիբեկյանը անհարգելի չհամարեց նրանց բացակայությունը

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով  Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Այս անգամ նիստին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանի 3 պաշտպաններից և ոչ մեկը։ Պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին դիմումով տեղեկացրել էր, որ այլ նիստի է մասնակցում, այն դեպքում, երբ այս գործով նիստերը ամեն անգամ նույն օրն են նշանակվում, իսկ պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմում էր ներկայացրել, որ հիվանդ է՝ առանց բժշկի թուղթ ներկայացնելու։ Դատավորը Քոչարյանին հարցրեց, թե ինչու նրա 3-րդ պաշտպան Արամ Օրբելյանը չի ներկայացել դատարան, Քոչարյանը հակադարձեց, թե Օրբելյանը միայն միջնորդություն ներկայացնելու ժամանակ է ներկայանում։ Ասել է թե՝ ինքն  է որոշում իր աշխատելաոճը դատարանում։ Նման պատկեր երևի աշխարհի ոչ մի դատարանում չեք հանդիպի։ 
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ պահանջեց անհարգելի համարել պաշտպանների բացակայությունը՝ նշելով. «Դատարանը պրակտիկա է ձևավորել՝ բացակայություններին գնահատական տալ ավելի ուշ, երբ դրա համար հետո պատճառաբանություններ են մտածվում, բայց այս պարագայում հիվանդության պատճառով բացակայության դեպքում փաստաթուղթ չկա, իսկ մյուս պաշտպանի դեպքում դատական նիստի ծանուցագիրը ներկայացված է եղել։ Հարգելիությունը հիմնավորող հանգամանք չէ»։ 
Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, անհարգելի չհամարեց բացակայությունները և գնահատական չտվեց դատարանի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքին՝ հերթական անգամ հետաձգելով դատական նիստը: 
Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ 1998-2008թթ. զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ. փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ. փետրվարից մինչև 2008թ. ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ. ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։ 

Մ․Խ․