Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում. «Ազատություն»

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում. «Ազատություն»
Իրավունք
17:49, 19 февраль 2021
Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին՝ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ազատության» հարցին, եթե ուղարկեն իրավապահ որևէ մարմին՝ քննություն իրականացնելու կամ հանգամանքներ պարզելու, ենթադրվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ևս կկանչվի հարցաքննության, Աբրահամյանը պատասխանեց. «Դրանց վերաբերյալ բոլոր տեղեկություններ տվողները, առնչություն ունեցողները պետք է, այո, կանչվեն, բոլորի հետ կապված էլ պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն՝ քննչական, դատավարական»:

Հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը ու պատերազմից հետո: Իր խոսքերը որոշել էր նաև կոնկրետ փաստերով համեմել, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով: Դատախազության ներկայացուցիչը փակագծեր չբացեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը, բայց ասաց՝ Ազգային անվտանգության ծառայությունում շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ ձեռք բերելու մի գործ դեռ նոյեմբերից է քննվում: