Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին դատավորի ընտանիքը պահանջում է դատարանից՝ ուրիշի գույքը որպես իր սեփականություն ճանաչել․ սեփականատերն ահազանգում է

Նախկին դատավորի ընտանիքը պահանջում է դատարանից՝ ուրիշի գույքը որպես իր սեփականություն ճանաչել․ սեփականատերն ահազանգում է
Իրավունք
19:30, 03 май 2023
Նախկին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի ընտանիքը դատարանից պահանջում է այլ անձին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը ճանաչել որպես իր սեփականություն։ 

Շուրջ 20 տարի Հունաստանում ապրող Մարիամ Թումանյանը ահազանգել է Civic.am-ի խմբագրություն՝ ասելով, որ պատրաստվում է վերադառնալ հայրենիք՝ Հայաստան, և բնակություն հաստատել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իր բնակարանում, սակայն իր տունը վարձակալած նախկին դատավորի ընտանիքը հրաժարվում է դուրս գալ բնակարանից։

Մարիամ Թումանյանի խոսքով՝ իր բնակարանը 2012թ․-ից վարձով է տվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանին, որն այնտեղ բնակվել է իր կնոջ՝ Կարինե Տեր-Ադամյանի ու իր որդու՝ Էդգար Տեր-Ադամյանի հետ միասին։ Սեփականատիրոջ ու վարձակալի հարաբերությունները կառուցվել են փոխադարձ վստահության վրա՝ վարձակալության պայմանագիր չի կնքվել։ Սակայն, 2021թ․ ապրիլին, երբ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը մահացել է, սեփականատիրոջ խոսքով՝ դատավորի ընտանիքը հրաժարվել է տան վարձը վճարել։ 

Մարիամ Թումանյանի փաստաբանի՝ Ալինա Ռևազյանի խոսքով՝ դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից սեփականատերը դիմել է դատավորի ընտանիքին, որ ազատեն բնակարանը, սակայն ի պատասխան այս քայլի՝ դատավորի որդին ու կինը դիմել են դատարան․ «Նոյեմբերի 8-ին ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել նախկին դատավորի ընտանիքի՝ ձեռք բերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով հայցադիմումը»,-ասաց փաստաբանն ու հավելեց, որ սեփականատիրոջ կողմից էլ հակընդդեմ հայց է ներկայացվել դատարան՝ վտարման պահանջի մասին, որը ևս վարույթ է ընդունվել։ 

Փաստաբան Ալինա Ռևազյանի դիտարկմամբ՝ դատավորի ընտանիքի հայցը դատարանը կբավարարի այն դեպքում, եթե կարողանան ապացուցել, որ սեփականատերը տասը տարի հրաժարվել է իր գույքից և որևէ գործարք չի կատարել՝ հոգ չի տարել իր գույքի մասին, սակայն փաստաբանը պնդում է, որ սա այդ դեպքը չէ, որովհետև սեփականատերը և անշարժ գույքի վճարումներն է կատարել և գրավադրել է այն դեռևս 2021թ․-ից։ 

Փաստաբանի խոսքով՝ վարձակալը 2 հայցով է մտել դատարան․ «Տան սեփականատեր Մարիամի եղբայրը իրեն տրված լիազորագրի հիման վրա դիմել էր ոստիկանություն դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին․ ոստիկանները գնացել արձանագրություն էին կազմել և մոտ 20 օր ողջամիտ ժամկետ էին տրամադրել դատավորի ընտանիքին, որպեսզի դուրս գան բնակարանից, բայց այդ ընթացքում նրանց փաստաբանը դիմել է Վարչական դատարան՝ ոստիկանության գործողությունները կասեցնելու համար, որպեսզի ոստիկանները վտարում չիրականացնեն։ Բացի սա, ևս մեկ հայցով էլ դիմել են ընդհանուր իրավասության դատարան՝ ձեռք բերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով»,-ասաց փաստաբան Ալինա Ռևազյանն ու ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանը մերժել է դատավորի ընտանիքի կողմից ներկայացված հայցը, որով դատարանից պահանջել էին՝ պարտավորեցնել սեփականատիրոջը, ոստիկաններին վտարելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալ։ «Բայց հիմա իրենք դա բողոքարկում են Վերաքննիչում, և դա վարույթ է ընդունվել, այսինքն՝ վերջնական դատական ակտ չկա և վտարում չի կարող իրականացվել»,-հավելեց փաստաբանը։ 

Հատկանշական է, որ թեպետ տունը վարձակալությամբ հանձնվել է նախկին դատավորին ու նրա որդուն, սակայն նրանց կողմից դատարան ներկայացված հայցադիմումում նշված են նաև այլ մարդկանց անուններ, որոնց բնակվելու փաստի մասին սեփականատիրոջ խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել։ Այդ անձանց շարքում է նաև նախկին դատավորի դուստրը՝ Մարինե Տեր-Ադամյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ իր անունը հայցադիմումում կա որպես բնակվող, սակայն ինքն այդ տանը չի բնակվում։ «Որ գալիս-գնում եմ, չի նշանակում, որ բնակվում եմ, հայցադիմումում շատ բան կարա գրված լինի»,-ասաց Մարինե Տեր-Ադամյանը։ 

Նախկին դատավորի կինը՝ Կարինե Տեր-Ադամյանն էլ պնդեց, որ 2009թ․-ից 14 տարի է՝ ինչ բնակվում են այդ տանը և ամուսնու մահից հետո էլ շարունակել են վճարել վարձը։ «Ինչի՞ համար են դիմել ոստիկանություն, մենք ինչ է իր բնակարանի՞ն ենք տիրացել։ Տան վարձը նախորդ տարվա հոկտեմբեր ամսից չենք տվել ու շատ ճիշտ ենք արել»,-ասաց նա։ 

Հարցին՝ եթե սեփականատերն ուզում է դուք դուրս գաք իր բնակարանից, ինչու՞ այլ բնակարան չեք փնտրել, ինչու՞ դուրս չեք եկել, Կարինե Տեր-Ադամյանն արձագանքեց․ «Մեզ ժամանակ էր պետք բնակարանից դուրս գալու համար, իսկ դուրս գալու ժամանակը մենք ինքներս կորոշենք, թե երբ ենք դուրս գալու։ Ինքը թող Հունաստանից գա դուրսը մնա, բա մեզ ո՞նց էր ասում դուրս եկեք։ Իմ ամուսինը դատավոր է եղել՝ ամբողջ հանրապետությունում ճանաչված մարդ, այնքան լավ դատավոր է եղել, որ Երևանի մեջ մի հատ տուն չի ունեցել»,-հավելեց նա։ 

Թե երբ պետք է լուծվի դատական վեճը՝ սեփականատերն ու իր ընտանիքը պատկերացում չունեն՝ ասում են՝ դատարանները ծանրաբեռնված են, տարիներով կարող է ձգվել վեճը, իսկ վարձակալը, որն այլևս վարձը չի վճարում, դրանից միայն շահում է։ 

Նարա Մարտիրոսյան