Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավապահները մեղադրանք են առաջադրել նախընտրական շտաբի պետին և քաղաքացուն

Իրավապահները մեղադրանք են առաջադրել նախընտրական շտաբի պետին և քաղաքացուն
Իրավունք
23:04, 21 июнь 2021
ՀՀ քննչական կոմիտեի՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ. այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:

Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում՝ նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո, քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ շտաբի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: