Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական
16:38, 30 сентябрь 2021
 Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Առաջին անգամ Հայաստանում գտնվող պատվիրակությանը Ծիծեռնակաբերդ ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: 
  
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի, շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: 
  
Հունաստանի խորհրդարանի Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայության (EPIS) համակարգող Էլեֆթերիոս Պապադոպուլոսը շրջայցից հետո նշել է. «Առաջին անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության թանգարան: Պապս գաղթել է Ստամբուլից, եւ այստեղ տեսնելով այս փաստերը` ցնցված եմ: Հույս ունեմ, որ հետագա սերունդներն ամեն ինչ կանեն կանխարգելելու ցեղասպանությունները»: