Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Քեցյանին

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Քեցյանին
Պաշտոնական
16:56, 01 октябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-ամյակի կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ գործակցությունը։ Մեր երկրներին միավորում է համատեղ աշխատելու, միջազգային հարթակներում փոխգործակցելու դրական փորձառությունը։ Վերջին ժամանակահատվածում COVID-19-ի դեմ պայքարում Չինաստանն օժանդակություն ցուցաբերեց բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ Հայաստանին, որի համար խորապես շնորհակալ ենք։

Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ անգամ համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալներում զգալի աճ է գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ-չինական հարաբերություններն ունեն հետագա զարգացման մեծ ներուժ: Լիահույս եմ, որ հաստատակամ քայլերով մենք կարող ենք առաջ մղել մեր գործակցությունը՝ հանուն մեր ժողովուրդների և ապահով ու անվտանգ ապագայի։

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ շարունակական ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր հորիզոնների հասնելու ուղղությամբ։

Տոնական այս օրը, Ձերդ գերազանցություն, Ձեզ և Ձեր ժողովրդին մաղթում եմ բարօրություն և վերընթաց հաջողություններ»,- նշված է ուղերձում: