Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

Վարչապետն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին
Պաշտոնական
14:30, 05 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ
Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով Վրաստանի ՍԴ ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր՝
վարչապետը նշել է. «Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է
արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների
ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ արդեն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցության
զարգացումն ու փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով կառավարման համակարգերի ընդհանրությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Մերաբ
Տուրավան նշել է, որ Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է՝ ի վկայություն
այն բանի, թե որքան է Վրաստանը կարևորում Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի զարգացումը: Նա արդյունավետ
է գնահատել հայ գործընկերների հետ քննարկումները և ամուր համագործակցությունը և ընդգծել, որ հայ-վրացական
կապերի՝ վերջին շրջանի դինամիկան լավ հիմք է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական
կապերի ամրապնդման համար:

Հանդիպմանն արծարծվել են խորհրդարանական կառավարմանը և դրա ժողովրդավարական նշանակությանը
վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում և Վրաստանում խորհրդարանական կառավարման
համակարգի ներդրման ընթացքի և առանձնահատկությունների շուրջ: Վրաստանի ՍԴ նախագահը նշել է, որ
Վրաստանում ոգևորիչ են համարում և բարձր գնահատում Նիկոլ Փաշինյանի ներդրումը Հայաստանի
ժողովրդավարական զարգացման գործում: