Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի ասելիք և անելիք. Արայիկ Հարությունյանը հանձնել է համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի ասելիք և անելիք. Արայիկ Հարությունյանը հանձնել է  համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը
Պաշտոնական
15:06, 17 ноябрь 2021
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՏՏ ոլորտում
համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի հանձնման արարողությանը: 2020 թվականի պետական
մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն
Չանին։

Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ:
«Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով, և մենք 2020
թվականի մրցանակը շնորհում ենք այս տարի: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական
մրցանակն ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք և Հայաստանն ունի
անելիք: Աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է:

Վստահ եմ, որ մեր մրցանակակիրները շատ նման առաջարկներ են ստանում տարբեր երկրներից, բայց քչերն
են ընտրում, որովհետև, եթե կոնկրետ ոլորտում մրցանակ է շնորհվում, նրանք նայում են, թե տվյալ երկիրը ինչ
ներդրում և հաջողություններ ունի այդ ոլորտում և ինչպիսին է այդ ոլորտի ապագան այդ երկրում: Վստահ եմ, որ
Չի-Ֆուն Չանն ընտրություն կատարելիս նման ֆիլտրներ է ունեցել: Եվ որպես կոդերի հետ աշխատող մարդ, ասեմ, որ
մենք սիրում ենք գործ ունենալ կոդերի հետ: Նախնադարյան քարտեզներում մի կոդ գրեցինք՝ «Արմենիա», և այդ կոդը
թույլ տվեց մեզ լեգիտիմ իրավունք ունենալ լինելու 21-րդ դարում, զարգանալու և աշխարհին նորություններ և
նորարարություն տալու: 5-րդ դարում մենք ևս մի կոդ գրեցինք՝ հայկական տառերի տեսքով, որպեսզի ոչ միայն մեր
մշակույթը, այլ նաև համաշխարհային մշակույթը կոդերի միջոցով հասցնենք 21-րդ դար: Ես շատ ուրախ եմ, որ մի
քանի օրից Դուք հյուրընկալվելու եք Մատենադարանում և կտեսնեք, թե ինչ ծավալի կոդավորված նյութ ենք հասցրել
21-րդ դար: Ցավոք, դրանք դեռ ամբողջությամբ չենք կարողացել վերծանել, և ոլորտի մասնագետները, որոնք այստեղ
են, նաև Ձեր օգնությամբ, նորարարական տեխնոլոգիաների միջոցով կկարողանան այդ հասցրած ինֆորմացիան
հասցնել աշխարհին: 20-րդ դարում տեխնոլոգիական մեր հայրերը նույնպես ստեղծեցին կոդեր և իրենց խոսքն ասացին
տեխնոլոգիական ոլորտում, ինչը լավ հենք ստեղծեց մեզ համար՝ ներկայում և ապագայում այս ոլորտում լուրջ
առաջընթաց ապահովելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է Չի-Ֆուն Չանին և համոզմունք
հայտնել, որ նրա համագործակցությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների հետ կունենա ապագա:

«Կառավարության համար դա շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր
է, ինչն արտացոլցված է ծրագրերում, այդ թվում՝ կրթական: ՏՏ ոլորտի
ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է»,-ասել է Արայիկ
Հարությունյանը:

Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և
ընդգծել, որ շատ է կարևորում այդ մրցանակը: «ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը:
Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և
ապահով»,-ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել
հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:

Այնուհետև տեղի է ունեցել նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական
մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
ղեկավար Արայիկ Հարությունյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն
Խաչատուրյանի, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի, ՏՏ ոլորտում պետական
մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանի, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ
Հովիկ Մուսայելյանի մասնակցությամբ: