Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պաշտոնական
17:18, 31 октябрь 2022
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հակիրճ անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործության փուլերը, մեթոդները, պատճառներն ու հետևանքները: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: 

Տիկին Էրին Մըքին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Հենրի Մորգենթաուի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտեց, որ Մորգենթաուի, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին:

Այցի ավարտին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ տիկին Էրին Մըքին հուշանվեր հանձնեց Էդիտա Գզոյանին: