Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և մնալու է պատժելի. Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի. Վլադիմիր Վարդանյան․ տեսանյութ

Այսօր՝ հուլիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Սահմանադրության համաձայն՝ մարդու իրավունքների հիմքն է հանդիսանում մարդկային արժանապատվությունը, և արժանապատվության նվաստացման, վիրավորման հարցում անձին ամենածանր վիրավորանք հասցվում է հայհոյանքի միջոցով»,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ իրենք առաջնորդվում են այն խնդիրներով, որոնք առկա են մեր հասարակությունում, ոչ թե հարցի վերաբերյալ արձագանքներով. «Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և մնալու է պատժելի: Այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն այդ հարցում թողնելո՞ւ է մենակ, թե՞ սահմանելու է օրենքով»:

Վարդանյանը նշեց, որ հայհոյանքի մասին խոսվել է նաև ՍԴ-ում, և հավելեց, որ հեռահար հայհոյանքը դարձել է շատ վտանգավոր. «Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի հայհոյանքը հանրային տիրույթում վերացնելու համար»:

Նա հույս հայտնեց, որ հայհոյանքը քրեորեն պատժելի դարձնելը կստեղծի այնպիսի միջավայր, որ և հանրային տիրույթում, և մասնավոր հարաբերություններում հայհոյանքը իսպառ կբացառվի կամ առնվազն կհասցվի այնպիսի մակարդակի, որ այլևս վտանգավոր չի լինի: