Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կենսականորեն պետք ունենք միասնության՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն. Գարեգին Երկրորդ․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը:

Իր օրհնանքի խոսքն ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա իր խոսքն սկսեց Տերունական աղոթքով: 

Գարեգին Երկրորդը նշեց, որ այսօր Հայաստանի և Արցախի առջև մեծ մարտահրավերներ են կանգնած և, մեջբերում անելով Սուրբ գրքից, ասաց. «Արդարությունն ու օրինապահությունն են գրավականը երկրի ու ժողովրդի բարօրության և հարընթաց բարգավաճման:

Օրենսդրական ձեր գործունեությունը, արդարության և իրավունքի գերակայությամբ, միտված պետք է լինի ձևավորելու անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր պետության հզորության և ապահովության, մեր երկրի արժանապատիվ ապագայի համար. Օրենքն է մարդու համար և ոչ թե մարդը՝ օրենքի»:

«Մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն»,- ընդգծեց կաթողիկոսը:

Նրա խոսքով՝ այս խորհրդարանից և կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը հասարակությունում. «Քննադատությունները թող լինեն միայն կառուցելու և սխալները շտկելու նպատակով: Աշխատեք համախումբ, ամուր պահեք հավատարմությունը մեր հոգևոր և ազգային արժեքներին, մեր հայրենյաց պաշտպան նահատակ զավակների հավատին ու նվիրական տեսիլքին»: