Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Մանուկյան, ես կնամեծար եմ. ընդամենը համարժեք եմ արձագանքել ռեպլիկին. Ռուստամ Բաքոյան

Տիկին Մանուկյան, ես կնամեծար եմ. ընդամենը համարժեք եմ արձագանքել ռեպլիկին. Ռուստամ Բաքոյան
Քաղաքականություն
12:16, 30 август 2021
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:   

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է իրենց խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:

Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դիտարկմանը, թե թեկնածուն իրեն շատ ագրեսիվ է պահում, և հատկապես կանանց նկատմամբ, ԱԺ նիստերի դահլիճում, ուստի ինքը մտավախություններ ունի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ռուստամ Բաքոյանի թեկնածության շուրջ, Ռուստամ Բաքոյանն ասաց. «Տիկին Մանուկյան, թույլ տվեք չհամաձայնել, որ ես ինձ ագրեսիվ եմ պահում: Եթե ես ագրեսիվ վարքագիծ դրսևորեի նիստերի դահլիճում, ապա իմ ներկայությունը շատ մարդկանց համար շատ ցավալի կլիներ: Ցավում եմ, որ դուք չեք տեսել, թե ինչ է տեղի ունեցել նիստերի դահլիճում, բայց ես փորձել եմ հանդարտեցնել, կարգավորել: Ես փորձել եմ խնդիրը լուծել առանց բռունցքների և առանց հայհոյանքների»:

Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ ագրեսիվ պահվածքին, ապա Ռուստամ Բաքոյանը շեշտեց, որ իրեն ճանաչող բոլոր կանայք այլ բան կփաստեին. «Տիկին Մանուկյան, ես կնամեծար եմ: Ընդամենը գուցե ես համարժեք եմ արձագանքել ռեպլիկին»: