Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ահաբեկչական ակտերից զերծ մնալու համար հասարակությունը պետք է համախմբվի այն օրակարգերի շուրջ, որոնք այսօր ՀՀ-ն որդեգրել է»

«Ահաբեկչական ակտերից զերծ մնալու համար հասարակությունը պետք է համախմբվի այն օրակարգերի շուրջ, որոնք այսօր ՀՀ-ն որդեգրել է»
Քաղաքականություն
08:30, 27 март 2024
Օրեր առաջ Նոր Նորքի ոստիկանություն նռնակով ներխուժման դեպքը և ՌԴ-ում «Կրոկուս Սիթիում» տեղի ունեցած ոճրագործությունը շատերը փորձում են կապել միմյանց հետ և ամենատարբեր հետքեր են նշում։ 

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանն ասաց.   «Դժվարանում եմ ասել, որովհետև մինչև այդ ամեն դեպքում պետք է հասկանալ՝ «Կրոկուս Սիթիի» դեպքի պատվիրատուներն ովքեր են, որովհետև ամեն դեպքում կարող ենք կասկածել, որ դա Ռուսաստանի ձեռագիրն է, ինչպես 1999 թվականին Պուտինի ընտրություններից առաջ եղավ՝ Չեչնիայի վրա հարձակվելու պատճառ գտնելու նպատակով։ Եվ հիմա փորձ է արվում դրա սլաքն ուղղել Ուկրաինայի դեմ՝ ասելով, որ այդ ահաբեկիչները փորձել են դեպի Ուկրաինա փախչել, և իբրև թե նրանց համար փախչելու միջանցք է թողնված եղել, որ անցնեն սահմանը դեպի Ուկրաինա և այլն։ Հիմա, երբ զուգահեռաբար Ղրղզստանում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ, չեմ կարող բացառել, որ որևէ կապ կա, բայց դեռ վաղ է դրա մասին ստույգ պնդելը»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։ 

Նրա խոսքով՝ որպեսզի նմանատիպ երևույթներից Հայաստանը զերծ մնա, նախևառաջ հասարակությունը պետք է համախմբվի այն օրակարգերի շուրջ, որոնք այսօր Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է՝ դեպի Եվրոպա ինտեգրվելու և եվրաատլանտյան անվտանգային համակարգերը տարածաշրջան բերելու և դրանով մեր անվտանգությունն ապահովելու, և ուղղակի  զգոն լինեն, արտաքին որևէ ազդեցություն կամ ներքին որևէ սադրանք դիտարկելու դեպքում կամ դրա մասին տեղեկություն ունենալու դեպքում դրան հակադրվեն կամ դրա մասին համապատասխան մարմիններին տեղեկացնեն։  

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, մեկնաբանելով «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը, ասել էր. «Ահաբեկչությունն օգտագործվում է հիբրիդային պատերազմում, միջէթնիկական, միջկրոնական տարաձայնություններ է հրահրում, ուստի ՀԱՊԿ անդամ երկրներին անհրաժեշտ են այդ երևույթին հակազդելու գործիքներ»։ 

Այս առնչությամբ քաղաքագետը ենթադրեց, որ Ռուսաստանը, անկախ նրանից՝ ինքն է կազմակերպել, թե ոչ, կփորձի դա օգտագործել իր ազդեցությունն ավելացնելու ուղղությամբ՝ առնվազն ՀԱՊԿ երկրներում։ 

«Դրա համար Հայաստանին օր առաջ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Իսկ առնվազն ցանկացած նման փորձ, որ Ռուսաստանը կփորձի օգտագործել  իր ազդեցության տարածման համար, դրան հակադրվել, չմիանալ որևէ նոր ձևաչափի, որով այդ ազդեցությունը կավելանա։ Ամեն դեպքում «Կրոկուս Սիթիի» դեպքը ցույց տվեց, որ Ռուսաստանը ի վիճակի չէ սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովել, այն էլ այդպիսի մասշտաբային ահաբեկչական ակտերից, բայց ինքը կփորձի սա օգտագործել, որպեսզի մոբիլիզացնի իր հասարակությանը՝ արտաքին որևէ թշնամու դեմ։ Առայժմ դա անում է Ուկրաինայի դեմ»,- նշեց քաղաքագետը։

Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված է Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա Ֆոն դեր Լայեն հանդիպումը, և շատ փորձագետներ կարծում են, որ Հայաստանում հասարակության ռուսամետ հատվածը կփորձի խոչընդոտել այդ գործընթացին: Հարցին, թե ինքն ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս առնչությամբ, քաղաքագետն ասաց. «Հատկապես 5-րդ շարասյան կողմից շարունակվելու և ուժգնանալու են այդ փորձերը, որքան մոտենա այդ հանդիպման օրը»։
 
Լիլիթ Թադևոսյան