Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրին կունենա նոր քաղաքապետ. հնարավոր է նաև Լևոն Բարսեղյանի առաջադրումը՝ արտախորհրդարանական ուժերի դաշինքով

Գյումրին կունենա նոր քաղաքապետ. հնարավոր է նաև Լևոն Բարսեղյանի առաջադրումը՝ արտախորհրդարանական ուժերի դաշինքով
Քաղաքականություն
17:49, 09 сентябрь 2021
Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է, որ ստացել է տեղեկանք՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի հանդիսացող թեկնածուի՝ Գյումրի համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված լինելու մասին։ 

«Քննարկումներ են ընթանում «Ռամկավար ազատական» և «Ժառանգություն» կուսակցությունների և մի շարք այլ՝ արտախորհրդարանական ուժերի հետ միասնական դաշինքով Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ»,֊ այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Լևոն Բարսեղյանը։ Բարսեղյանը նշեց, որ մի շարք կուսակցությունների կողմից առաջարկ է ստացել մասնակցել ՏԻՄ ընտրություններին, իսկ ինքը առաջարկել է միավորվել և դաշինքով հանդես գալ։ Կստացվի միավորումը, թե ոչ՝ Բարսեղյանն ասաց, որ պարզ կդառնա այսօր երեկոյան՝ ավելի ուշ։  

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն իսկ հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն՝ Արտյոմ Ղուկասյանի, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի և «Բալասանյան» դաշինքը՝ Գյումրու կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանի առաջնորդությամբ։ 

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները նշանակված են սույն թվականի հոկտեմբերի 17-ին։

Վովա Հակոբյան