Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Թուրքիան մերժում է երկխոսության առաջարկները և կրկին նախապայմաններ է առաջ քաշում, ապա կայունության և խաղաղության խաթարման պատասխանատվությունն ընկնելու է Էրդողանի վրա

Եթե Թուրքիան մերժում է երկխոսության առաջարկները և կրկին նախապայմաններ է առաջ քաշում, ապա կայունության և խաղաղության խաթարման պատասխանատվությունն ընկնելու է  Էրդողանի վրա
Քաղաքականություն
22:33, 22 сентябрь 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում, չի շրջանցել արցախյան թեման: Նա, մասնավորապես, կրկնել է Ադրբեջանի, այսպես կոչված, իր տարածքներն «ազատագրելու» մասին թուրքական հայտնի թեզերը:  

«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։  

Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն խաղաղությունը վերականգնելու համար և որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին: Նկատենք, որ թեև Թուրքիան վերջին շրջանում պարբերաբար խոսում է խաղաղության հաստատման մասին, սակայն դրան զուգահեռ նույն Թուրքիայի պաշտպանության նախարարությունը օրերս սպառնում էր Հայաստանին։ 

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ դժվար է գնահատել Թուրքիայի իրական մտադրությունները Էրդողանի պես անկանխատեսելի և անհավասարակշիռ  առաջնորդի պարագայում, բայց  ամեն դեպքում պետք է հասկանալ, թե Հայաստանին ինչ է պետք և այդ ուղղությամբ աշխատել. իսկ Հայաստանին պետք է, որ ամեն դեպքում տարածաշրջանի լարված իրավիճակը լիցքաթափվի։ Եվ Հայաստանից դեպի Թուրքիա գնացող ուղերձները կայունություն և խաղաղություն հաստտաելու վերաբերյալ կարևոր են։  

«Կարևոր է նաև Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու առաջարկը։ Եթե Թուրքիան մերժում է երկխոսության առաջարկները և կրկին նախապայմաններ է առաջ քաշում, ապա կայունության և խաղաղության խաթարման պատասխանատվությունը ընկնելու է  Էրդողանի վրա։ Բայց չեմ կարծում, որ Էրդողանին հիմա դա պետք է։ Նա, լինելով տարածաշրջանում մշտապես անկայունություն հրահրող և այդ անկայունությունը անմիջապես կազմակերպող պետություն, ՄԱԿ-ի իր ելույթում ջանք էր գործադրում երևալ, որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատող ղեկավար։ Նա ուզում է դուրս գալ իր շուրջ ձևավորված վատ իմիջից  և խաղալ Ա0րևմուտքի արտաքին քաղաքական լույսի ներքո»,-ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում պետք է նրա այդ ելույթները օգտագործել և ասել, որ եթե նա իսկապես խաղաղության կողմնակից է, ապա Հայաստանը հաշտեցման հիմք ունի, դրանք հայ-թուրքական  արձանագրություններն են, որոնցում նախկինում առկա խոչընդոտները այլևս չկան, և կարելի է այդ հիմքի վրա գործողություններ սկսել։ 

Մեր դիտարկմանը՝ Հայաստանի պատասխանը, արձագանքը Էրդողանի հայտարարություններին արդյոք բավարար է, կամ ինչպիսին պետք է լինեն այսուհետ, Խուրշուդյանը պատասխանեց, որ արձագանքները չափավոր են, բայց պետք է կոնկրետ առաջարկով հանդես գալ, որի համար էլ Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ առանց նախապայմանների, ուղիղ շփումներ լինեն որտեղ հնարավոր կլինի Էրդողանի առաջ հստակ առաջարկներ դնել, իսկ դրանց հնարավոր մերժումները՝ կմնան արդեն Թուրքիայի  պատասխանատվության դաշտում:

«Իսկ թե դրա տակ Թուրքիան կուզենա մտնել, թե՝ ոչ, դեռ պարզ չէ։ Հենց այդտեղ կերևա, թե Թուրքան որքանով է շահագրգռված իր իմիջի փոփոխությամբ։ Եթե Թուրքիան դերասանություն է անում և ցանկանում է արտաքին միջավայրի համար խաղաղասիրական հռետորաբանություն հնչեցնել, բայց  ներքին կարգով ամեն ինչ անում է, որ Հայաստանը չգնա դրան, ապա դա պետք է ընդունել որպես մարտահրավեր։ Եվ նույնը պետք է անի Հայաստանը՝ առաջին դեմքերի մակարդակով պնդի, որ խաղաղության հաստատումը կարևոր է, իսկ ներիքն կարգով, օրինակ  պաշտպանության նախարարը հակադարձի  Թուրքիայի  պաշտպանության նախարարին ինչպես ցանկանա։ Բայց , օրինակ, Կարո Փայլյանը պնդում է, որ Թուրքիայի համար բավականին կարևոր է իր շուրջ ձևավորված վատ իմիջից ձերբազատվելը։ Եթե այդպես է, ապա ավելի լավ։ Այդ դեպքում մենք կկարողանանք վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- ընդգծեց Խուրշուդյանը։