Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որ խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծեն. Փաշինյան

Կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որ խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծեն. Փաշինյան
Քաղաքականություն
12:02, 04 октябрь 2021
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որոնք ոչ թե խորացնեն տարածաշրջանի երկրների և ժողովուրդների մեկուսացումը միմյանցից, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետ  Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:

«Մենք պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև՝ մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, կոմունիկացիայի բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որոնք ոչ թե խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին միմյանցից, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն, ըստ էության, սկսել է ակտվիացնել իր գործունեությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա այս համատեքստում դրական համարեց Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Վարչապետը հիշեցրեց՝ ՀՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել՝ սկսելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը:

«Դա, իմ կարծիքով, պետք է մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ, և գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև վերահաստատեց իր՝ ավելի վաղ հնչեցրած միտքը՝ Ադրբեջանի նախագահի հետ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ պատրաստ է իր հետ վերցնել բոլոր քարտեզները, որոնք հումանիտար սպառանալիք են ներկայացնում և անվտանգության գործառույթ չունեն ՀՀ-ի համար՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին իր հետ կբերի Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց:

«Ընդ որում, պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլև՝ մեր այն քաղաքացիներին, որոնք, մեր տեղեկություններով, գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից ինքը կարծում է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և քայլ առ քայլ հետևողականորեն պետք է իրականություն դարձնել այդ օրակարգը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ: