Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի աննախադեպ հյուրը. Ռիսկերի ընդհանրությունից՝ ընդհանուր օրակարգ․ 1in.am

Հայաստանի աննախադեպ հյուրը. Ռիսկերի ընդհանրությունից՝ ընդհանուր օրակարգ․ 1in.am
Քաղաքականություն
13:18, 12 октябрь 2021
Հոկտեմբերի 12-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Դա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան, ինչը արդեն իսկ այցը դարձնում է բավականին խոսուն ու հատկանշական: Այցը անշուշտ արտացոլում է Հայաստանի հանդեպ Հնդկաստանի հետաքրքրությունը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է ընդհանուր որոշակի քաղաքական ու անվտանգային հետաքրքրություններով: Այդ մասին խոսելու և գրելու առիթներ եղել են բազմիցս և մեծ հաշվով չկա կրկնության անհրաժեշտություն: Առավել ևս, որ պետք է հետևել, թե բովանդակային առումով ինչ շեշտադրումներ կհնչեն հայ-հնդկական այս քննարկումներում: Այստեղ սակայն արժե թերևս անել որոշակի դիտարկում մի «տրենդային» գնահատականի մասին, որ ձևավորվում է հայ-հնդկական հարաբերության իմաստով:

Հաճախ է սկսել խոսվել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան այսպես ասած առանցքի մասին, հատկապես Իրանի շուրջ վերջին իրողությունների ֆոնին: Բացառել այդ «երթուղին» ներառող որևէ ընդհանուր հետաքրքրություն, անշուշտ պետք չէ: Սակայն պետք չէ նաև հայ-հնդկական հարաբերության իմաստով ընկնել նոր «առանցքային» պատրանքների գիրկը: Անշուշտ, Դելին հետաքրքրված է ռեգիոնալ ձևաչափերով, այդ թվում Պարսից ծոց-Սև ծով հնարավոր հաղորդուղու օրակարգով, սակայն այստեղ կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք միարժեք չեն թե Հնդկաստանի, թե Հայաստանի համար և հետևաբար հայ-հնդկական հարաբերությունը թերևս պետք է նախ և առաջ փորձել ամրացնել և շարունակել կառուցել բավականին ամուր և հարուստ երկկողմ հետաքրքրության ու օրակարգի վրա, իսկ հետո արդեն դիտարկել այն զարգացնելու և ընդլայնելու ռեգիոնալ տարբերակներ:

Հարցն այն է, որ Հնդկաստանը բոլորովին շահագրգռված չի լինի ներքաշվել կամ ներգրավվել, առնչվել ռեգիոնալ այն խնդիրներին ու դիմակայություններին, որոնց վերաբերյալ անհանգստություն ունի Հայաստանը: Հնդկաստանը Հայաստանի այսպես ասած խնդիրներից պահելու է տարածություն, այստեղ կասկած ունենալ պետք չէ, հետևաբար հայ-հնդկական հարաբերության զարգացման և խորացման հարցում էական է, թե դրա առանցքում դրվելիք օրակարգը առնվազն տեսանելի, շոշափելի իմաստով որքան հեռու կլինի այն խնդիրներից, կապված օրինակ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, որ ունի Հայաստանը: Հնդկաստանն ունի իր խնդիրները, որոնք իհարկե ինչ որ թելերով «կապվում» են նաև հայկական խնդիրների հետ, օրինակ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի ձևավորումը, սակայն Դելիի համար այդ հանգամանքը ունի ռիսկերի և մարտահրավերների մի «ամպլիտուդ», Հայաստանի համար՝ մեկ այլ: Ընդհանրություն ունեցող ռիսկերը ընդհանուր հայտարարի նախադրյալ են, բայց ամենևին ոչ հիմք և առավել ևս բովանդակություն: Ըստ այդմ, Երևան-Դելի գործակցության հեռանկարը պահանջում է բովանդակություն, որը ժամանակի ընթացքում իրենով կարող է հետաքրքիր դառնալ միջազգային քաղաքականության տարբեր սուբյեկտների:

Աղբյուր՝ 1in.am