Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրապարակ»-ը տապալել է առաջադրանքը. Հենց իրենց ձայնագրությունը փաստում է, որ Գորիսի երթին մասնակցելու պարտադրանք չկա

Այսօր hraparak.am-ը «9-րդ դասարանից բարձր բոլորին ասվել է՝ գան ՔՊ երթին» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ կցելով ձայնագրություն, որտեղ լրագրողը, «FIP-ական մեթոդով» ներկայանալով որպես ՔՊ շտաբի անդամ, փորձում է Գորիսի թիվ 3 դպրոցի տնօրեն Կոստանդյանից տեղեկություն կորզել՝ արդյոք ուսուցիչներն ու աշակերտները մասնակցելո՞ւ են այսօր Գորիսում կայանալիք ՔՊ թեկնածուի երթին, թե՞ ոչ։  

Մինչ այդ հոդվածագիրն ազդարարում է, թե «առավոտից ահազանգեր ենք ստանում համայնքի տարբեր հաստատություններից, որ մարզպետարանից հրահանգել են պարտադիր ներկա գտնվել երթին, հակառակ դեպքում սպառնացել են, որ կկորցնեն աշխատանքը կամ խիստ կպատժվեն»։ 

Սակայն իրենց իսկ հրապարակած ձայնագրությունը հակառակի մասին է վկայում. պարտադրանքի որևէ փաստ չկա։ Ձայնագրության մեջ դպրոցի տնօրենը մի քանի անգամ կրկնում է, որ իրեն մարզպետարանից տեղյակ են պահել, և որ ինքն էլ պարզապես տեղեկացրել է կոլեկտիվին, որ երթ է լինելու, ովքեր ցանկություն ունեն, կարող են գնալ։   

«Ես վատառողջ եմ, արձակուրդում եմ, տեղեկացրել եմ՝ կազմակերպելու են, հիմա չգիտեմ՝ քանի հոգի կգնա։ Ես չգիտեմ, ո՞նց թիվ ասեմ, ասել եմ, որ տեղեկացնեն։ Ովքեր ցանկություն ունենան՝ կգան։ Հարգելիս, սա ցանկությունով ա, իհարկե ցանկությունով ա, բոլորին էլ տեղեկացված ա, աշակերտներին էլ 9-րդ դասարանից տեղյակ են պահել և մանկավարժներին»,- մի քանի անգամ կրկնվող հարցերին պատասխանում է տնօրենը։ 

Նշենք նաև, որ ձայնագրությունից պարզ երևում է, որ տնօրենը տեղյակ չէ՝ ովքեր և քանի հոգի են մասնակցելու երթին՝ ի տարբերություն ՀՀԿ-ի ժամանակվա ցուցակներով պրակտիկայի։ Մասնակիցների թիվ ասելու ծպտյալ լրագրողի պնդումներին տնօրենը պատասխանում է. «Ինձ օրվա վերջում կասեն, էլի, դասերի վերջում կասեն՝ քանի հոգի ա մասնակցել։ Ուղղակի ես հիմա արձակուրդում եմ, վատառողջ եմ, դրա համար նույնիսկ դպրոցում չեմ»։ 

Ներկայացնում ենք «Հրապարակ»-ի ձայնագրությունը։

Աննա Դեինյան