Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ հակամարտության համատեքստում առկա խնդիրները ռազմական լուծում չեն կարող ունենալ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԼՂ հակամարտության համատեքստում առկա խնդիրները ռազմական լուծում չեն կարող ունենալ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Քաղաքականություն
21:53, 18 ноябрь 2021
Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի կատարած շարունակական աշխատանքը: Այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին:

«Մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր խնդիրներին»,- Հ1-ի փոխանցամամբ՝ նշել է Օսթրիանը:

Նա ընդգծել է, որ 2020 թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստից հետո իրադրությունը տարածաշրջանում կայունացել է, սակայն շարունակում է փխրուն մնալ, ինչը երևաց վերջին շաբաթվա ընթացքում:

«Վերջին իրադարձությունները համապարփակ կարգավորման հասնելու նոր հրատապ անհրաժեշտություն են ստեղծել: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հավատարիմ մնալու հրադադարի իրենց հանձնառությանը և անհապաղ քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաև զերծ մնալու հրահրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից կամ հայտարարություններից»,- շեշտել է Օսթրիանը:
Նա հորդորել է կողմերին օգտվել այն առաջընթացից, որը գրանցվել էր Նյու Յորքում և Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում՝ ներգրավվելով ուղիղ երկխոսության մեջ՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության ու բարօրության հաստատմանը:

«Նաև հորդորում ենք կողմերին հետաքննել մարդու իրավունքների ոտնահարումների ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր ենթադրյալ դեպքերը»,- ասել է ԱՄՆ գործերի հավատարմատարը:

Նրա խոսքով՝ հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական ճանապարհով դրանք լուծվել չեն կարող:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել կողմերի հետ՝ գտնելու տևական ու խաղաղ կարգավորում՝ հիմնված մասնակից պետությունների ճանաչած սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը, ինչպես նշված է Հելսինկիի եզրափակիչ ակտում»,- ընդգծել է Օսթրիանը: