Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Մովսեսը՝ ՀՌՀ անդամի թեկնածու․ Տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:

Հակոբ Հակոբյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է նաեւ Հակոբ Մովսես գրական կեղծանվամբ, ծնվել է 1952 թվականին,  կրթությամբ բանասեր է, թարգմանիչ, աշխատել է որպես ուսուցիչ, սրբագրիչ, գրական աշխատող, խմբագիր, ՀՀ մշակույթի նախարար:

Ելույթ ունենալով՝ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է իր պատկերացումները մեդիադաշտի վերաբերյալ՝ ընդգծելով դրան  առանձնահատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա՝ «տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաեւ պետության բերանն է,  նաեւ՝ ականջը»:
«Այսօրվա մեր բոլոր իրողությունները, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, տեղավորված են այդ դաշտում»,-ասել է նա: Թեկնածուն  անդրադարձել է այն խնդիրներին, որոնք նկատել է տեսալսողական մեդիադաշտում, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականն ու պատկերացումները, կարեւորել հեռուստատեսությունում կրթական նյութերի առկայությունը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: