Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-Կանադա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է. երկրները հաստատել են ամուր քաղաքական երկխոսություն

ՀՀ-Կանադա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է. երկրները հաստատել են ամուր քաղաքական երկխոսություն
Քաղաքականություն
21:49, 31 январь 2022
Հայաստանը և Կանադան հունվարի 31-ին տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակները նշանավորվել են երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորմամբ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության և ջերմ ու բարեկամական հարաբերությունների հաստատմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, փոխգործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։

«Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանին և Կանադային միավորում են ամուր կապերն ու ընդհանուր մոտեցումները` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համընդհանուր արժեքների վրա։ 2004 թվականին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այդ սկզբունքների առաջնայնության և արդարության վերականգնման ցայտուն դրսևորումն էր։ 

Նշանակալի էր 2018 թվականին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը նոր լիցք հաղորդեց հայ-կանադական երկկողմ համագործակցությանը։ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով Կանադայի կառավարության կողմից ձևավորված հատուկ առաքելությունը հանդիսանում է հայ-կանադական փոխգործակցության կարևոր գործիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ միջխորհրդարանական երկխոսությունը և խորհրդարանական դիվանագիտությունը զգալի տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։ Գնահատում ենք Կանադայի աջակցությունը Հայաստանի խորհրդարանի կարողությունների զարգացմանը։
Նշվում է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի։