Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը կրկին «հայկական կողմի հրահրած սադրանք» է որակում 2020-ի տավուշյան դեպքերը՝ օգնելով Ադրբեջանին և Թուրքիային արդարացնել հարձակումը Արցախի վրա

Քոչարյանը կրկին «հայկական կողմի հրահրած սադրանք» է որակում 2020-ի տավուշյան դեպքերը՝ օգնելով Ադրբեջանին և Թուրքիային արդարացնել հարձակումը Արցախի վրա
Քաղաքականություն / Հայաստան
19:35, 17 февраль 2022
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն  այսօր հրավիրված ասուլիսում կրկին «սադրանք» է որակել 2020 թվականին Տավուշում տեղի ունեցած մարտական գործողությունները՝ հետևյալ համատեքստում. «Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտության և օժանդակության հնարավոր որոշակի լիմիտներ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու էր Վրաստանի օդային տարածքը փակ ռազմական  բեռնափոխադրումների համար։ Իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինի, թե՞ չեն հաշվարկել, թե՞ իրենց համար էլ էր սա անակնկալ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր։ Եվ այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Հիմա, եթե չեն հաշվարկել, մեկ մեղադրանք կարող է առաջադրվել, եթե հաշվարկել են, այնուամենայնիվ 2020 թվականին գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք է»։  

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանը նման որակում է տալիս հիշյալ մարտական գործողություններին։ Նա  44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր. «Տավուշում մեր կողմից հրահրված սահմանային կոնֆլիկտն այս պատերազմն անխուսափելի դարձնելու պատճառներից է»։ «Երբ Գլխավոր շտաբի պետը (Օնիկ Գասպարյանը-խմբ.)հունիսի 12-ին զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, և դրանից մեկ ամիս անց հրահրել նման միջադեպ։ Ապա ուռճացնել այն՝ յոթանասուն հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել, խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, կարծում էիք, որ նրանք կո՞ւլ են տալու այդ»:

Եթե իրոք Տավուշի լոկալ մարտական գործողությունները, ինչպես Քոչարյանն է որակում, եղել են սադրանք, ինչը լրջագույն մեղադրանք է, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է գտնել այդ գործողությունները սադրողին կամ սադրողներին, կամ էլ նրանց, որոնց գիտությամբ ու պատասխանատվությամբ տեղի է ունեցել այդ սադրանքը, և նրանց արարքին տալ քրեաիրավական գնահատական։ Արդ, ո՞վ կամ ովքե՞ր են «սադրիչները»։ Այդ հարցին պատասխանելու համար նախ վերհիշենք դեպքերի ժամանակագրությունը։ Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ 2020 թ. հուլիսի 12-ի կեսօրին հայկական դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որից զինծառայողները դուրս են եկել և շարժվել դեպի հայկական դիրք։ Ըստ ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի՝ քանի որ շարժումը անսպասելի է եղել ՀՀ ԶՈՒ դիրքապահների համար, վերջիններս կոչ են արել լքել տարածքը՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը։ Դեպքը տեղի է ունեցել հայկական Մովսես և ադրբեջանական Աղդամ գյուղերի միջև ընկած միջդիրքային տարածությունում։ Հակառակորդը, թողնելով մեքենան, վերադարձել է դեպի իր դիրքեր։ Հեռանալուց կարճ ժամանակ անց նույն դիրքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսվել է հրետակոծումը: 

Նշենք, որ ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում  «թշնամու ռազմական գործողություններն ու առաջխաղացման փորձերը հաջողությամբ կանխվել էին»  գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ»: Գ. Խաչատուրովը  հանրությանը քաջ հայտնի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է։ Նա «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվեց, նրանից բացի՝ պարգևների արժանացան  մի քանի տասնյակ զինվորականներ ևս։  

Հարկ է նշել, որ տավուշյան դեպքերի մասին  նախկիններին սպասարկող քարոզչամեքենան օրեր շարունակ  խոսում էր  պաթոսախեղդ   տեքստերով՝ հայկական  զինուժի հաջողությունները համարելով բացառապես զինվորական կորպուսինը, որի հետ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ, առավել ևս, դրա ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ նրանց, կապ չունեին: Ավելին՝ դրանք, ըստ նույն քարոզչամեքենայի,  արձանագրվել են գերագույն-գլխավոր հրամանատարի՝ անտեղյակ լինելու պայմաններում, ընդհուպ՝ ի հեճուկս նրա: Ուշագրավ էր հատկապես որդի Քոչարյանի՝ Լևոնի ֆեյսբուքյան գրառումը  այդ օրերին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովի  որդու մասին.  «Հայրենասիրությունը այն է, երբ չծառայած և մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ, իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ: Խոսքը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին է»:

Ի դեպ, այդ «սադրանքին»  ռազմահայրենասիրական տեքստ ձոնեց ԶՈՒ այդ ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը (որին իր՝ վերը մեջբերված  խոսքում հղում է անում Քոչարյանը)՝  մասնավորապես նշելով. «Տավուշում հուլիսին 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազ­մար­վեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունա­վետության, հրամանատարների նախաձեռնողականու­թյան և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ։ Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմա­կող­մանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել­քում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով: Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կոր­ծանվում հայրենիքները...»։  

Հ.Գ. Կարճ հիշողություն ունեցողներին հիշեցնենք, որ նույն Գրիգորի Խաչատուրովը աչքի էր ընկել նաև 2019-ին, դարձյալ Տավուշում տեղի ունեցած գործողությունների ժամանակ.  օգոստոսի 18-ին  հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի շուրջ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերի անվտանգության ապահովման ժամանակ հայկական զինուժին հաջողվել էր  վերահսկողության տակ վերցնել և չեզոքացնել Ադրբեջանի կողմից Չինարի գյուղի, հայ-վրացական գազատարի և հայ-վրացական ռազմավարական կարևոր ճանապարհի գնդակոծման փորձերը: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն  Սարգսյանի հրամանագրով 2019-ի սեպտեմբերի 20-ին Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում՝ վերոհիշյալ մարտական  գործողության գրագետ ղեկավարմամբ և իրականացմամբ աչքի ընկնելու համար։ Հարց է ծագում՝ այս գործողությո՞ւնն էլ էր  սադրանք, որը կրկնվեց 2020-ին, և որն էլ, ըստ Քոչարյանի, դարձավ  լայնամասշտաբ պատերազմի առիթ։ Ասվածն ամփոփելով՝ ամենակարեոր հարցին հանգենք՝  ովքե՞ր են  այդ սադրանքի պատասխանատուները, և ո՞վ է գլխավոր «սադրիչը», արդյոք նրանց մե՞ջ է նաև պարգևի և ուսադիրների  արժանացած Խաչատուրովի որդին, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թ. հուլիսի 7-ի հրամանագրով  ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի հուլիսից։ 
 

Հեղինե Մանուկյան