Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կդիտարկվի Իրանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու առաջարկը

Կդիտարկվի Իրանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու առաջարկը
Քաղաքականություն
21:06, 18 февраль 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Զրույցի ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործման կարևորությունը՝ նշելով, որ այն կայուն և ամուր հիմքեր է ստեղծում համագործակցության շրջանակի ընդլայնման համար։

Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։  

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին նշել է, որ 13 000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացի ստանում է տեխնիկական և մասնագիտական կրթություն, ինչը լավ հնարավորություն կարող է լինել Հայաստանի հետ հմուտ և փորձագիտական աշխատուժի փոխանակման տեսանկյունից։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային համայնքային տների ստեղծման վերաբերյալ հետագա համագործակցության հնարավորությունները։