Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները պարտավոր են պատասխանել արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը. Գեղամ Ստեփանյան

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները պարտավոր են պատասխանել արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը. Գեղամ Ստեփանյան
Քաղաքականություն
20:58, 18 март 2022
«Ի վերջո, ամեն ինչ հանգում է արժեքներին [...] Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել աշխարհ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներով՝ խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն», - ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հենց այսպես է ներկայացնում կառույցի առաքելությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Այնինչ իրականությունն ամբողջությամբ այլ է: ՄԱԿ-ը իր մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներով այսօր խաղաղության և մարդու իրավունքների, հանդուրժողականության և համերաշխության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում, մոտ 5000 անտուն մնացած շուշեցիների աչքի առաջ նշում է հանցագործ երկրի հետ իր համագործակցության 30 տարին։

Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին, և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, այսօր Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները։