Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենք իրենց չեն տեսնում Արցախի կազմում. լինելով այնտեղ նախագահած, ծնունդով արցախցիներ՝ այնտեղ չեն ապրում. Առնոլդ Բլեյան

Երեկ ԱԺ-ում բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի բանակցությունների ու իր հասցեին ընդդիմության կողմից հնչող քննադատությունների մասին և ասել՝ քանի որ իրենց արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված է հիասթափեցնող լուր հայտնել: 

«Այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով: Կրկնում եմ՝ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը, այսպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»,-ասել է վարչապետը: 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։
«Իրականում պետք է վերադառնալ 1998 թվական, թե ինչու տեղի ունեցավ հեղաշրջումը, իսկ դա այլ կերպ հնարավոր չէ կոչել։ Եվ փաստորեն Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը 1998 թվականից  քողարկված տեսքով փորձում էր տանել այն գիծը, որը առաջարկվում էր արդեն իսկ այն ժամանակ միջազգային հանրության կողմից՝ նշաձողի իջեցման մասին, որը նոր է ի հայտ գալիս և բարձրաձայնվում իշխանության կողմից։ Ինձ թվում է՝ սա նաև փորձ է հանրությանը բերելու իրականության դաշտ, հեռացնելու այդ պաթոսը, այդ բոլոր անիրականանալի և իրականում վտանգավոր զգացմունքները»,- ասաց Առնոլդ Բլեյանը։ 

Խոսելով նաև ընդդիմության պահվածքի մասին՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչների համատեղ հանդիպման հետ, որը քարկոծվեց նրանց կողմից,  Առնոլդ Բլեյանն ասաց, որ,  այսպես կոչված, ընդդիմությանը շատ լուրջ չէին վերաբերվում այն առումով, որ եթե իրենք ասում են, թե իշխանությունն իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից, ապա իրենք ընդհանրապես իրավունք չունեն խոսելու, որովհետև իրենք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ 

«Ի դեպ, այդ չընդդիմություն կոչվածը, որ հոխորտում է, գոռում է, բացականչում է՝ այ, Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, և պահանջում է բոլորից դա հայտարարել, ԵՊՀ-ի  պրոֆեսորներից և այլն, իրենք իրենց չեն տեսնում Արցախի կազմում, իրենք չկան Արցախի կազմում։ Այնտեղ նախագահած, հետո այստեղ նախագահած մարդիկ, ծնունդով արցախցիներ այնտեղ չեն ապրում,  իրենց թոռները ծնվում են այլ երկրներում։  Իրենք ինչ ընդդիմություն, իրենք ընդդիմություն չեն, իրենք հինգերորդ շարասյուն են»,- ասաց Առնոլդ Բլեյանը։     

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան