Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրությունը պետք է շատ ուշադիր հետևի և հստակ գիտակցի, որ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել․ Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ կեղծ հայտարարությունների մասին

Միջազգային հանրությունը  պետք է շատ ուշադիր հետևի և հստակ գիտակցի, որ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել․ Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ կեղծ հայտարարությունների մասին
Քաղաքականություն
10:19, 12 сентябрь 2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ 

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է:
Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ: 

Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: 

Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ֊ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ 

Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը: