Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես են անցնում Լոռու մարզում ՏԻՄ ընտրությունները. պարզաբանում են հանձնաժողովների նախագահները

Ինչպես են անցնում Լոռու մարզում ՏԻՄ ընտրությունները. պարզաբանում են հանձնաժողովների նախագահները
Քաղաքականություն
14:51, 25 сентябрь 2022
Լոռիում ՏԻՄ ընտրությունները ևս պասիվ են անցնում։ Ժամը 11։00-ի դրությամբ Ալավերդի քաղաքում ընտրողների ընդամենը 8,7 տոկոսն է մասնակցել։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանն ու հավելեց՝ Ալավերդի, Օձուն և Շնող համայնքները խոշորանում են։ 

Նշենք, որ Ալավերդիում ընտրողների թիվը, ըստ անձնագրային և վիզաների վարչության, 30.519 է։

Լոռու մարզի Տաշիր, Լոռի Բերդ բնակավայրերում ընտրողների թիվը ժամը 11։00-ի դրությամբ ևս չի գերազանցել 10 տոկոսը։

Հանձնաժողովի քարտուղար Կարինե Մուրադյանը տեղեկացրեց, որ Լոռի Բերդում ընտրողների 9,5 տոկոսն է մասնակցել, իսկ Տաշիրում՝ 9,72 տոկոսը։ Նրա խոսքով՝ ընտրախախտումներ չեն գրանցվել։

Գյուլագարակում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 13 տոկոսը։ Անկախ դիտորդը տեղեկացրել էր, որ Գյուլագարակի 22/01 ընտրատեղամասում կան կուտակումներ թե դրսում, թե ներսում, հերթերը չեն կարգավորվում, նաև տեղի է ունեցել վիճաբանություն հանձնաժողովի անդամների և ընտրողների միջև: 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից պարզաբանեցին, որ նման խնդիր իրենց չի ներկայացվել՝ հավանաբար այդ ամենը տեղում հարթվել է. «Իսկ կուտակումների հետ կապված՝ տեղամասը քանի որ փոքր է՝ 3 հոգի էլ ներսում լինեն, արդեն կուտակում կլինի. դպրոցի ֆոեն է, տեղը նեղվածք է, ընտրողների քանակն էլ մեծ է։ Իսկ դարպասներից դուրս մեր սպասարկման տարածքը չի»։