Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանդատն օգտագործում է հայ և քուրդ ժողովուրդների միջև ազգային թշնամանք սերմանելու համար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանդատն օգտագործում է հայ և քուրդ ժողովուրդների միջև  ազգային թշնամանք սերմանելու համար
Քաղաքականություն / Հայաստան
11:37, 26 сентябрь 2022
«Հայաստան» խմբակցության  ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը  որոշել  է մանդատը օգտագործել  ի  չարս  սեփական երկրի՝ Հայաստանի, զբաղվելով ակնհայտ խառնակչությամբ և որ ամենավտանգավորն է՝ ՀՀ-ի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում հայ և քուրդ ժողովուրդների միջև ազգային թշնամանք սերմանելով։ 

Պարոն Մանուկյանը, որը նախկին կյանքում լրագրող է աշխատել, թվում էր, թե  մասնագիտական էթիկայի կանոններն ու  հմտությունները գործի կդնի այնպիսի զգայուն, նուրբ թեմաների մասին հոդվածներ գրելիս, որոնցում  գործածված ամեն մի բառն ու կապակցությունը կարող են ճակատագրական դառնալ ու անկանխատեսելի զարգացումների բերել։ 

ՀՅԴ-ական  պատգամավորը, որի մանդատն ու կարգավիճակը թույլ է տալիս հարցումներ կատարել պետական տարբեր մարմիններից և բոլորից արագ ու համակողմանի տեղեկանալ  իրեն հուզող հարցերի պատասխանները, առանց ՀՀ պատկան մարմիններից պաշտոնապես ճշտելու  ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու մասին տեղեկությունը, հոդված է գրել,  որում հիշյալ երկու անձանց արտահանձնումը վերագրել է  Հայաստանի Հանրապետությանն ու «քաղաքական պատվերի շրջանակներում» մի շարք մերկապարանոց մեղադրանքներ հնչեցրել սեփական երկրի հասցեին։ 

«Քրդական աղբյուրները  (ո՞ր աղբյուրները՝ ոչ մի հղում, մեջբերում նշված չէ-խմբ.) հայտնում են, որ Լեհենգ և Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերը (նկատենք, որ Մանուկյանը հատուկ է գործածում «թուրքեր» բառը, որը կոնկրետություն չի ենթադրում, առանց կոնկրետության, քանի որ պաշտոնական  Թուրքիան քուրդ երկու անձանց  մասին չի հաղորդել։ Նույն հաջողությամբ հայաստանյան որևէ  «բեսեդկայում» ծավալված քննարկումը, եթե առաջնորդվենք Գեղամ Մանուկյանի ոճով, կարելի է ներկայացնել որպես հայկական կողմի կամ հայերի դիրքորոշում-խմբ.) իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում»,- գրում է լրագրող, թուրքագետ պատգամավորն ու կից ինչ-որ  անհայտ կայքից հղում զետեղում։ Անգամ Մանուկյանի վկայաբերած վերոհիշյալ մեջբերման մեջ նշված չէ, թե այդ ի՞նչ գաղտնի հետախուզական  գործողության արդյունքում են հանձնվել  Չիչեքն ու Յըլդրըմը, սակայն դաշնակցական պատգամավորը, հավատարիմ իր քնարին, որոշել է  եզրակացնել,  որ այդ անհայտ գործողությանն անպայման մասնակցած կլինեն ՀՀ իշխանությունները։ Ահա այսպիսի ֆանտաստիկ վերլուծական կարողությունների է տիրապետում միջին վիճակագրական  դաշնակցականը, որը օգտագործելով հայ ժողովրդի տված մանդատը՝ այն, փաստորեն,  օգտագործում է սեփական ժողովրդի դեմ կրքեր բորբոքելու համար։ Բայց ինչն է ամենազազրելին. բավական չէ, որ  Մանուկյանը հոդված է գրել  առանց անառարկելի փաստերի ու ապացույցների, առանց պաշտոնական աղբյուրներին հղում անելու,  այսինքն՝  ինչպես լրագրողական խոսույթում է գործածվում՝ «մատից ծծած» նյութ է շպպացրել, այլ դրանում նաև գերվտանգավոր եզրահանգման է եկել․ «Ներեք մեզ, եղբայրներ, որ ձեր զավակներին թուրքերի ձեռքը տվեցին հայերը, որտեղ նրանց կտտանքների են ենթարկելու։ Հիմա մեզ մոտ հայկական իշխանություն չէ։ Նրանք էլ են արդեն թշնամական օկուպացիոն ուժեր մեր երկրում։ Ցավոք, Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներից որևէ տեղեկություն չստացա։ Իսկ նրանց ներկայացուցիչը Ազգային ժողովում նույն օկուպացիոն իշխանության՝ ՔՊ-ի կողմից պատգամավոր է։ Երեսուն տարում Հայաստանն այսպես չէր դավաճանել։ Այս տարիներին չի եղել նման դեպք։ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ։ Վաղը չի բացառվում, հերթն արդեն Արցախյան պատերազմի հերոսներին հասնի»։
Թե ում ջրաղացին է այսպիսով ջուր լցնում, ում թելն է թելում ՀՀ իշխանության հանդեպ ատելությունից կուրացած դաշնակցական պատգամավորը, թող դատեն նրան մանդատ տվողները։  Շեշտենք, որ  թե՛ ՀՀ ԱԱԾ-ն, թե՛ ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել են   վերոհիշյալ երկու քրդերին արտահանձնելու մասին  շրջանառվող լուրերը։  ԱԱԾ-ն մասնավորապես հորդորել է «զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող, երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից» և զգուշացրել, որ «հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»։ Իր հերթին արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ինքն է  իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով, «սակայն, արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։ Ավելին, ԱՆ-ում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել» :
Նկատենք, որ Գեղամ Մանուկյանն իր հոդվածը հրապարակել էր ավելի վաղ՝ մինչ վերոհիշյալ պաշտոնական հերքումները, և հասցրել անել իր քարոզչական սև գործը։ Այս թեմայով civic.am-ի  հարցազրույցը ԱԺ ՔՊ խմբակցության  պատգամավոր Կնյազ Հասանովի հետ՝ քիչ անց։ 

Հեղինե Մանուկյան