Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ են կայացել ՏԻՄ ընտրությունները, ու հենց այսօրվանից սկսել ենք աշխատանքները. տեխնիկա ենք ուղարկել սար՝ ոռոգման ջրի հարցը լուծելու. Տավրոս Սափեյան

Երեկ են կայացել ՏԻՄ ընտրությունները, ու հենց այսօրվանից սկսել ենք աշխատանքները. տեխնիկա ենք ուղարկել սար՝ ոռոգման ջրի հարցը լուծելու. Տավրոս Սափեյան
Քաղաքականություն
15:50, 26 сентябрь 2022
Թալին խոշորացված համայնքում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ՏԻՄ ընտրությունները թեժ են անցել։ Բոլոր գրանցված ուժերն անհրաժեշտ ձայները հավաքել են ավագանու կազմում լինելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների մեծամասնությունը՝ 61 տոկոսը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ ավագանու անդրանիկ նիստը կկայանա այս շաբաթ։ 

Նշենք, որ անցած տարի դեկտեմբերին Թալինում կայացել էին ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ կրկին ՔՊ-ն էր առաջատարը, սակայն ընդդիմության ներկայացուցիչները միայն ավագանու առաջին նիստին էին մասնակցել ու բոյկոտել մնացած հաջորդ նիստերը։ Չնայած այս հանգամանքին՝ Տավրոս Սափեյանը նշեց, որ ինքը փակելու է անցած էջն ու համագործակցելու է բոլոր ուժերի հետ: «Միանշանակ համագործակցելու եմ ներկայացված ուժերի հետ, մեր երկիրը հիմա այնպիսի վիճակում է գտնվում՝ ամեն ինչ անելու ենք, որ համայնքը ծաղկի։ Մենք եկել ենք մեր համայնքի գործերն անելու, և առանց համագործակցելու չի լինի»,- վստահեցրեց Տավրոս Սափեյանը։
Համայնքի ավագանին կազմված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Ապրելու երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Կայունություն» կուսակցություններից։

ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք Թալինի ՏԻՄ ընտրություններին միացել են Արագած, Արտենի, Լուսագն, Գետափ բնակավայրերը: «Արագածի և Արտենիի ժողովուրդը տասնամյակներ խմելու ջուր չունի, Թալինից ցիստեռններով ջուր են տանում այնտեղ։ Առաջիկա ընտրություններից հետո ես կազմակերպելու եմ, որ Արագած և Արտենի համայնքում ջուր լինի, շատ գյուղերում գազիֆիկացում չկա՝ նման հարցերը կյանքի ենք կոչելու»,- ասել էր նա։     
Տավրոս Սափեյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ խմելու ջուր կունենան վերոնշյալ բնակավայրերը, ինչին ի պատասխան ՔՊ թեկնածուն արձագանքեց. «Նախապատրաստական աշխատանքները հիմա ենք կատարելու և գարնանը սկսելու ենք խողովակների վերանորոգման, տեղակայման աշխատանքները։ Արագած, Արտենի բնակավայրերը ԽՍՀՄ ժամանակներից ունեն խողովակներ մինչև Արագած սարը բարձրացող, բայց կեսը գողացել տարել են։ Խողովակները քաշելու աշխատանքները կսկսենք գարնանը, և հենց եկող տարի էլ իրենք ջուր կունենան»։ 

Բնակավայրերը խմելու ջրով ապահովելու հարցով Տավրոս Սափեյանն արդեն իսկ դիմել է կառավարությանը, նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կառավարության կողմից տրամադրվող գումարի չափն է համաձայնեցվել։   
Հարցին՝ նախորդ տարի ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմությունը բոյկոտեց, չմասնակցեց ավագանու նիստերին, այս տարի ունե՞ք մտավախություն, որ նման քայլերի կգնան, ՔՊ թեկնածուն պատասխանեց. «Իմ կարծիքով՝ մենք այնքան մեծ տոկոս ենք տարել, ժողովուրդն այնպիսի մասնակցություն է ցույց տվել, որ չեմ կարծում՝ որևիցե մեկն անխելամիտ գտնվի ու դուրս գա ժողովրդի դեմ, մեր դեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ»։ 
Տավրոս Սափեյանի խոսքով՝ Թալինում 11 բնակավայր գազ չունի, և հերթական քայլն էլ այն է լինելու, որ առաջիկա 2 տարում այդ բնակավայրերն ապահովված լինեն գազով։ 
«Այս տարի հենց առաջին խնդիրը խմելու ջրի հարցն է, որ լուծելու ենք։ Ներքին ցանցն անմխիթար վիճակում է, բնակիչների միջև ջրի համամասնության բաժանումը ճիշտ չի կատարվել՝ մեկի բակն ունի 2 աղբյուր, մեկը ընդհանրապես չունի, մյուսը 3 աղբյուր ունի։ Մինչև նոյեմբեր այդ բաժանումն անելու ենք»,- առաջիկա աշխատանքներին ծանոթացրեց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը՝ Թալինի որոշ բնակավայրերի բնակիչներ բողոքում էին ոռոգման ջրից, ասում էին՝ անձրևների հույսին ենք, Տավրոս Սափեյանն արձագանքեց. «Երեկ են կայացել ՏԻՄ ընտրությունները, թիմը հոգնած է, բայց հենց այսօրվանից սկսել ենք աշխատանքները. տեխնիկա ենք ուղարկել սար՝ ոռոգման ջրի հարցը լուծելու համար, քանդուքարափ վիճակ է։  Աշխատանքներն ավարտելուց հետո մի շարք, այդ թվում՝ Դավթաշեն, Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Ագարակ, Կաքավաձոր, Եղնիկ բնակավայրերն ապահովված կլինեն ոռոգման ջրով»։ 
Մեր զրուցակիցը հիշատակեց նաև, որ մինչ ՏԻՄ ընտրությունները, դեռևս ամիսներ առաջ Թալինում մեկնարկած բարեկարգման աշխատանքները մինչև նոյեմբեր ամիսը կավարտվեն, այդ թվում՝ Թալինի պուրակի կառուցման աշխատանքները, որոնք արդեն ավարտին են հասցվում, և հոկտեմբերի 10-ից հետո պուրակը բաց կլինի բնակիչների համար, ինչպես նաև մինչև նոյեմբեր էլ Դավթաշեն բնակավայրի ասֆալտապատումը կավարտվի։

Նարա Մարտիրոսյան