Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոնից մինչև Սերժ ծախեցին ՀՀ անկախությունը Ռուսաստանին, հիմա մենք պետք է կարողանանք աշխատել բոլոր կողմերի հետ, չպետք է խոսենք աշխարհաքաղաքական ընտրության մասին. Կայծ Մինասյան

Լևոնից մինչև Սերժ ծախեցին ՀՀ անկախությունը Ռուսաստանին, հիմա մենք պետք է կարողանանք աշխատել բոլոր կողմերի հետ, չպետք է խոսենք աշխարհաքաղաքական ընտրության մասին. Կայծ Մինասյան
Քաղաքականություն
20:00, 19 октябрь 2022
Վերջին շրջանում Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին Civic.am-ը զրուցել է Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ 

Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմից և Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններից հետո Արևմուտքը տեսանելիորեն և անմիջականորեն ներգրավվել է Հարավային Կովկասում ընթացող պրոցեսներին։

Արդյոք այս ակտիվությունը ընդամենը Ռուսաստանին թուլացնելու համա՞ր է արվում, թե՞ ավելի երկարաժամկետ նպատակներ ունի Արևմուտքը մեր տարածաշրջանում։ Ըստ Մինասյանի՝ սա կապված է գլոբալ իրադարձությունների և ուկրաինական հակամարտության հետ։ «Գիտենք, որ Արևմուտքն ու Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ չեն, և Արևմուտքը փորձում է օգտագործել Ռուսաստանի թուլացումը, որպեսզի մյուս խաղացողները՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը, ինչու ոչ՝ նաև Իրանը, իրենց ուզածը չանեն։ Արևմուտքը փորձում է ցույց տալ, որ Կովկասը չի պատկանում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ այլ պետության։ Կովկասը պետք է բաց տարածք լինի, և Արևմուտքը, օգտագործելով այսօրվա իրավիճակը, ցույց է տալիս իր կարողությունները և փորձում պահել խաղաղությունը»,- ասաց Մինասյանը։ 

Ըստ քաղաքագետի՝ Արևմուտքը Կովկասը դիտում է որպես խաչմերուկ՝ հյուսիսից դեպի հարավ, արևելքից դեպի արևմուտք։ Ռուսաստանն, ըստ Մինասյանի, ուզում էր, որ այս խաչմերուկը լինի իր հսկողության տակ, և 2020 թվականից հետո ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը ուզում են վերադարձնել Հարավային Կովկասը նախորդ ստատուսին՝ խաչմերուկ իրենց վերահսկողության տակ, բայց Արևմուտքը չի ուզում դա թույլ տալ, ուզում է մասնակցել և ցույց տալ, որ Կովկասը որևէ մեկին չի պատկանում։ Քաղաքագետի կարծիքով՝ պետք է շարունակել այն, ինչ սկսվել է։ Այսինքն՝ Հայաստանը պետք է անընդհատ խոսի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ «Ես չեմ ասում, թե թողնենք Արցախը, բայց նախ պետք է փրկել այն, ինչ հիմա վտանգի մեջ է։ 2020 թվականից ի վեր Արցախում են գտնվում ռուսական զորքերը, և դեռ երեք տարի ունենք, որպեսզի ապահովենք Արցախի անվտանգությունը, իսկ այսօր Հայաստանն է վտանգի մեջ։ Եթե Հայաստանի իշխանությունները շեշտը դնեն տարածքային ամբողջականության վրա, ավելի հեշտ կլինի Հայաստանի համար ունենալ որևէ զորակցություն թե՛ Արևմուտքից, թե՛ Ռուսաստանից։ Փաստ է, որ Սյունիքի նկատմամբ սպառնալիք կա։ ՀՀ իշխանություններն ուզում են ժամանակ շահել, և դրա համար պետք է կոնսոլիդացնել միջազգային գործընկերների ջանքերը, դիվանագիտական մեխանիզմներ ներդնել։ Այդ ժամանակ սպառնալիքի վտանգը կթուլանա»,- ասաց Կայծ Մինասյանը։ 

Նա կարծում է, որ եթե Ադրբեջանը միջանցքի հարցում դիմում է Թուրքիայի օժանդակությանը, նշանակում է ինքը միայնակ չի կարողանում առաջ տանել ցանկությունները։ Նույնիսկ պատերազմի ընթացքում Ադրբեջանը միայնակ չկարողացավ լուծել իր հարցերը՝ ունենալ ռազմական կամ դիվանագիտական հաղթանակ։ «Հիմա Թուրքիան կրկին մտավ պրոցեսի մեջ և հայտարարում է, որ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանին միջանցք տալու պայմանը։ Բայց Թուրքիան ստիպված է այս հարցում հաշվի նստել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կարծիքների հետ։ Ռուսաստանը հայտարարել է, որ կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, բայց նաև ասել է, որ դրանք պետք է բացվեն այն երկրների իրավասության ներքո, որոնցով անցնում են։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ճանապարհները պետք է բացվեն կա՛մ Հայաստանի հսկողության ներքո, կա՛մ Հայաստան-Ռուսաստան համագործակցությամբ դա պետք է լինի, և վերահսկողությունն իրականացնի Ռուսաստանը»,- ասաց քաղաքագետը։ 

Ըստ Մինասյանի՝ եթե ՀԱՊԿ-ը առաջարկի դիտորդներ տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին, ապա Հայաստանը պետք է համաձայնի սահմանին ունենալ թե՛ ՀԱՊԿ, թե՛ ԵՄ դիտորդներ։ Քաղաքագետն այստեղ հակասություններ չի տեսնում։ Նրա կարծիքով՝ որպեսզի Հայաստանը չդառնա Արևմուտք-Ռուսաստան հակասությունների թատերաբեմ, պետք է ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրի, ՀԱՊԿ-ի ու ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղակայումը կարող է լավ օրինակ դառնալ, որպեսզի Արևմուտքն ու Ռուսաստանը կարողանան համագործակցել նաև Ուկրաինայի շուրջ խնդիրները լուծելու համար։ Հարավային Կովկասում իրենց համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ այլ տեղերում ևս համագործակցելու համար։  

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Մինասյանն ասաց, որ Արցախը պետք է մնա օրակարգում, և ՀՀ իշխանությունները պետք է ճարպիկ քաղաքականություն վարեն՝ խոսեն միայն տարածքային ամբողջականության մասին և ասեն Արևմուտքին, որ Արցախի խնդիրը դնում են Արևմուտքի վրա, որովհետև եթե միաժամանակ խոսենք թե՛ Արցախի ինքնորոշման, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականության թեմաների մասին, կարող ենք երկու հարցն էլ տապալել. «Հայաստանի, նաև Արցախի իշխանությունները պետք է շեշտը դնեն նրա վրա, որ կարողանան ապացուցել, որ Ադրբեջանը ռասիստ, ֆաշիստ, ահաբեկիչ պետություն է։ Մենք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, փոխանակ խոսենք ինքնորոշման մասին, պետք է խոսենք Ադրբեջանի՝ ռասիստ, ֆաշիստ պետություն լինելու մասին, որտեղ հայերը չեն կարող ապրել։ Եթե միջազգային հանրությունն ընդունի այդ փաստը, ապա պետք է ասեն, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի հսկողության տակ։ Այդ դեպքում միջազգային իրավունքը բոլոր միջոցներն ունի պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային իրավունքը քեզ տալիս է բոլոր ճանապարհները դեպի անկախություն, եթե այդ հանրությունը ընդունում է Ադրբեջանի ռասիստական լինելը։ 30 տարի սրա մասին էր պետք խոսել, ոչ թե ինքնորոշման մասին, դրանից հետո միջազգային հանրությունը ինքը կբարձրացներ Արցախի ինքնորոշման անհրաժեշտությունը»։  

Անդրադառնալով Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառմանը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն ուղղված Արևմուտքի հնարավոր քայլերին՝ Կայծ Մինասյանն ասաց, որ նախ Հայաստանը պետք է վերականգնի իր ռազմական ուժը, ակտիվ դիվանագիտական քայլերը շարունակի։ «Եթե մենք ինքներս միջոցներ չներդնենք վերականգնվելու համար, չենք կարող ուրիշներից որևէ բան ակնկալել։ Փակագիծ բացեմ. հիշեք, Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, ինչը սխալ էր։ Ինչո՞ւ պետք է ակնկալեինք, որ դա կանեն ուրիշները։ Եթե ծնողը չի ճանաչում, չի տալիս իր երեխայի անունը, ինչո՞ւ պետք է ուրիշները ճանաչեն մեր երեխայի անունը»,- ասաց Մինասյանը։ 

Մեր զրուցակիցը հնարավոր է համարում ԵՄ քաղաքացիական դիտորդների թվի և ժամկետների մեծացումը, ավելացումը։ «Նայած թե ինչ իրավիճակ կլինի սահմանում դեկտեմբերին կամ հունվարին, դրանից է կախված դիտորդների մնալու ժամկետների և թվի ավելացումը»,- ասաց Կայծ Մինասյանը։ Վերջինս, Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի կողմից հնարավոր ճնշումներին անդրադառնալով, նշեց, որ դա կախված կլինի Ուկրաինայում Ռուսաստանի իրավիճակից, Արևմուտքի և Թուրքիայի հարաբերություններից։ «Մենք պետք է առաջ մղենք դիվանագիտական ջանքերը, որպեսզի ռազմական վտանգները մեղմենք։ Լևոնից մինչև Սերժ ծախեցին մեր անկախությունը Ռուսաստանին, հիմա մենք պետք է կարողանանք աշխատել բոլոր կողմերի հետ։ Չպետք է խոսենք աշխարհաքաղաքական ընտրության մասին»,- եզրափակեց քաղաքագետը։ 

Վովա Հակոբյան