Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը իր ելույթով կոպտորեն խախտել է Սոչիում ընդունված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին. ՀՀ վարչապետ

«Երկու օր առաջ՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն՝ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ ՀՀ և   Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»,- այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իր այդ ելույթով Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին. «Ադրբեջանի նախագահը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, Հայաստանի մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով: Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով  ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն»: